ԿԲ-ն իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

cba-my-finance darbinyanԿենտրոնական բանկի խորհուրդը մայիսի 17-ի նիստին 0.5 տոկոսային կետով իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով այն 7.75%:

ԿԲ մամուլի հաղորդագրության համաձայն` 2016թ. ապրիլին արձանագրվել է 0.3% գնանկում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0.4%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ամսվա վերջին կազմել է -1.9%:

«Համաշխարհային տնտեսությունը շարունակում է աճել դանդաղ տեմպերով, սակայն ներկայումս միջազգային ապրանքային շուկաներում գնանկումային միտումները փոխարինվել են հարաբերական կայունությամբ: Այդուհանդերձ ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին դեռևս կշարունակվի արտաքին աշխարհի գնանկումային ազդեցության փոխանցումը ներքին գներին՝ չեզոքանալով ընթացիկ տարվա երկրորդ կեսին»,- ասված է հաղորդագրության մեջ:

ԿՆ խորհուրդն արձանագրում է, որ հունվար-մարտին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ՀՀ-ում արձանագրվել է տնտեսական ակտիվության զգալի ավելացում, որը պայմանավորվել է հիմնականում արդյունաբերության և ծառայությունների ոլորտներում՝ սպասվածից ավելի դրական զարգացումներով: «Դրական միտումներ են արձանագրվում նաև ներքին պահանջարկում՝ արտացոլելով նախորդ ամիսների ընթացքում Կենտրոնական բանկի և կառավարության կողմից իրականացրած խթանող քաղաքականության ազդեցությունը: Ընդ որում, նշված ժամանակահատվածում ՀՀ տնտեսության արտահանելի հատվածն ընդլայնվել է և արձանագրել աճի բարձր տեմպեր: Վերոնշյալ զարգացումներից ելնելով՝ ԿԲ սպասումները 2016թ. տնտեսական աճի վերաբերյալ ճշգրտվել են աճի ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Միևնույն ժամանակ ԿԲ խորհուրդը գնահատում է, որ գնաճային սպասումները նվազել են՝ ԿԲ վարած հետևողական դրամավարկային քաղաքականության արդյունքում. «Քաղաքականության ազդեցության գործոնին ներկայումս ավելացել է նաև բնական գազի սակագնի սպասվող իջեցման գործոնը, որի հիման վրա էլ խորհուրդը նպատակահարմար է գտնում դրամավարկային պայմանների ավելի մեծ քայլով թուլացումը»:

ԿԲ-ում նշում են, որ նման քաղաքականության արդյունքում գնաճային միջավայրը 2016թ. երկրորդ կեսից աստիճանաբար կընդլայնվի և կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը կվերադառնա նպատակային ցուցանիշին:

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով` մինչև 8.25%, իջեցրել էր 2016թ. մարտի 29-ին:

Մեկնաբանել