Ակտիվորեն աջակցելու ենք հետաքննության մեխանիզմի ներդրմանը. Շտայնմայեր

215881ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարություն է տարածել ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ:

«Իրավիճակը շփման գծում շարունակում է մնալ լարված: Ես խորապես ցավում եմ մարդկային կորուստների համար և կողմերին կոչ եմ անում ամբողջությամբ հարգել հրադադարը:

Այս համատեքստում ես ողջունում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի Դաշնության, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի իմ գործընկերների նախաձեռնությամբ մայիսի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Ես ուրախ եմ, որ երկու նախագահները վերահաստատել են հրադադարը հարգելու և հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու հանձնառությունը և պատրաստակամություն ցուցաբերել հունիսին սկսելու քննարկումների նոր փուլ:

2016թ. ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահությունը շարունակելու է լիովին աջակցել համանախագահների աշխատանքին: Մենք ակտիվորեն աջակցելու ենք հետաքննության մեխանիզմի ներդրման ջանքերին: Մենք նաև աշխատելու ենք իմ անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի թիմի մեծացման համար:

Ապրիլին ռազմական գործողությունների էսկալացիան ևս մեկ անգամ մեզ բոլորիս ցույց տվեց, որ կրկնակի և անդադար ջանքեր են պետք փակուղին հաղթահարելու համար: Հրադադարի ամրապնդումը բարձր առաջնահերթություն է, որը բարենպաստ պայմաններ կապահովի համապարփակ կարգավորման հասնելու ուղղությամբ բանակցությունների համար»: