ԼՂՀ ԱԳՆ-ն դրական է գնահատում Վիեննայի հանդիպումը

NKR MFA NKR MID (1)Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարարությունը դրական է գնահատում մայիսի 16-ին Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը` ԱՄՆ պետքարտուղարի, Ռուսատանի արտաքին գործերի նախարարի և Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետքարտուղարի մասնակցությամբ: Այս մասին ասված է ԼՂՀ ԱԳՆ հայտարարության մեջ:

ԼՂՀ ԱԳՆ-ն աջակցություն է հայտնում հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությանը միջադեպերի հետաքննությունների անցկացման ԵԱՀԿ մեխանիզմի շուրջ աշխատանքներն ավարտելու և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակն ընդլայնելու, ինչպես նաև ԿԽՄԿ հովանու ներքո անհայտ կորածների մասին տեղեկատվության փոխանակումը շարունակելու վերաբերյալ:

«Մենք նաև կիսում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դիրքորոշումը, որոնք բացառում են հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած հնարավորություն և պնդում 1994 թ․ և 1995թ. հրադադարի մասին համաձայնագրերի պահպանման անհրաժեշտությունը:

Նշված համաձայնագրերը, որոնք վերջ դրեցին լայնածավալ ռազմական գործողություններին և այդպիսով հնարավորություն ստեղծեցին՝ որոնելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները, կնքվել են բանակցություններին բոլոր երեք կողմերի՝ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի լիարժեք մասնակցության շնորհիվ: Կարգավորման գործընթացի տրամաբանությունը պահանջում է հակամարտության վերջնական հանգուցալուծմանը հասնելու համար վերականգնել բանակցությունները հենց նշված եռակողմ ձևաչափով»,- ասված է ԼՂՀ ԱԳՆ հայտարարության մեջ:

***

Մայիսի 16-ի ուշ երեկոյան Վիեննայում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, որին մասնակցել են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրը: ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդագրության համաձայն` համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդել են 1994թ. զինադադարի և 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

Հանդիպումից հետո համանախագահ երկրների նախարարները հայտարարություն են տարածել՝ ընդգծելով, որ ԼՂ խնդիրը չունի ռազմական լուծում:

Մեկնաբանել