Դրական հանդիպում և քայլ ճիշտ ուղղությամբ. Պետդեպը՝ Վիեննայի բանակցությունների մասին

John Kirby ReferendumԴա դրական հանդիպում էր և քայլ ճիշտ ուղղությամբ: Այժմ բոլորը պետք է կատարեն այն ամենը, ինչի վերաբերյալ հանձնառություն են ստանձնել. մայիսի 17-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Ջոն Քըրբին:

Վերջինիս խոսքով` երկու նախագահները՝ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը, հրադադարը պահպանելու, վստահության միջոցներ ձեռնարկելու և հաջորդ ամիս համապարփակ կարգավորմանը միտված բանակցություններ սկսելու հանձնառություն են ստանձնել:

«Մեր կարծիքով՝ նրանք դրսևորեցին ստատուս քվոյից առաջ շարժվելու քաղաքական կամք,- ասել է Քըրբին՝ հավելելով, որ ԱՄՆ-ն իր հերթին պատրաստ է օժանդակել կողմերին այդ ուղղությամբ:- Այսպիսով՝ դա դրական հանդիպում էր և քայլ ճիշտ ուղղությամբ: Այժմ բոլորը պետք է կատարեն այն ամենը, ինչի վերաբերյալ հանձնառություն են ստանձնել»:

***

Մայիսի 16-ի ուշ երեկոյան Վիեննայում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, որին մասնակցել են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրը: ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդագրության համաձայն` համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդել են 1994թ. զինադադարի և 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

Հանդիպումից հետո համանախագահ երկրների նախարարները հայտարարություն են տարածել՝ ընդգծելով, որ ԼՂ խնդիրը չունի ռազմական լուծում: