Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է ԼՂ հարցը

Putin-sec councՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 17-ի երեկոյան խորհրդակցություն է անցկացրել Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ:

Համաձայն Կրեմլի հաղորդագրության` ի թիվս այլ հարցերի` խորհրդակցության մասնակիցները կարծիքներ են փոխանակել նաև ղարաբաղյան կարգավորման թեմայի շուրջ` Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` նախօրեին Վիեննայում կայացած հանդիպման համատեքստում:

Խորհրդակցությանը մասնակցել են ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և այլք:

***

Մայիսի 16-ի ուշ երեկոյան Վիեննայում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևիհանդիպումը, որին մասնակցել են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրը: ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդագրության համաձայն` համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդել են 1994թ. զինադադարի և 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

Հանդիպումից հետո համանախագահ երկրների նախարարները հայտարարություն են տարածել՝ ընդգծելով, որ ԼՂ խնդիրը չունի ռազմական լուծում:

Մեկնաբանել