Կասպիական գազը կգնա Եվրոպա. տրվեց TAP-ի մեկնարկը

TAP startՄայիսի 17-ին հունական Սալոնիկում պաշտոնապես տրվել է Տրանսադրիատիկ գազատարի (TAP) շինարարության մեկնարկը, որով նախատեսվում է ադրբեջանական գազի մատակարարումը Հունաստանի տարածքով Եվրոպային: Մեկնարկի հանդիսավոր արարողությանը մասնակցել է Հունաստանի վարչապետը, Եվրահանձնաժողովի փոխնախագահը, պատվիրակություններ Թուրքիայից, Ալբանիայից, Իտալիայից, Վրաստանից, ինչպես նաև ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչներ:

Գործարկման օրը Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչի բնորոշմամբ՝ «պատմական էր»: Եվրոպացի պաշտոնյայի խոսքով՝ նախագծի իրականացումը մեծ նշանակություն ունի, քանի որ գազատարը ենթադրում է Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովում:

«Ակնկալում ենք, որ գազը Կասպիական տարածաշրջանից կհասնի Եվրոպա մինչև 2020թ.»,- Եվրահանձնաժողովի կայքը մեջբերում է Շեֆչովիչին, որը  հույս է հայտնել, որ ապագայում հնարավոր կլինի ավելի շատ գազ ստանալ ինչպես Կասպիական տարածաշրջանից, այնպես էլ կենտրոնասիական երկրներից, ինչպիսին Թուրքմենստանն է:

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասն էլ շինարարության մեկնարկը բնութագրել է որպես «նոր դարաշրջան Աթենքի համար»:

«Հունաստանը թևակոխում է նոր դարաշրջան՝ հետևում թողնելով անկայունությունն ու անորոշությունը,- Greek Reporter-ի հաղորդմամբ՝ գազատարի շինարարության մեկնարկի հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարել է Ցիպրասը՝ կանխատեսելով դրական աճ: Ցիպրասի համոզմամբ՝ էներգետիկ հանգույց դառնալը  «Հունաստանի ռազմավարության անկյունաքարն է»: Բացի այդ, նախագծի շնորհիվ կբացվի ավելի քան 8 հազ. աշխատատեղ:

Թուրքիայի էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքն իր հերթին նշել է, որ Տրանսադրիատիկ և Տրանսանատոլիական (TANAP) գազատարերը տարածաշրջանում գազի ոլորտում ավելի մեծ մրցակցություն կխթանեն, ինչը կնպաստի արդյունավետ և հուսալի շուկայի ստեղծմանը:

TAP-ի շինարարությունը ողջունել է նաև Վաշինգտոնը: Ճեպազրույցի ժամանակ Պետքարտուղարության խոսնակ Ջոն Քըրբին շեշտել է, որ ԱՄՆ-ը «հակված է Եվրոպա աշխարհամասում էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացիային, ինչը նպաստում է Եվրոպայում էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը»:

TAP նախագծում Վրաստանի տարանցիկ դերի կարևորությանն անդրադարձել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: Ելույթ ունենալով Սալոնիկում տեղի ունեցած միջոցառմանը՝ նա ասել է, որ իր երկիրը հպարտ է տարանցիկ այդ միջանցքի շրջանակում «հուսալի գործընկեր» լինելու փաստի առթիվ:

«Բնական գազի մատակարարների ու սպառողների շահերի խաչմերուկում գտնվելու շնորհիվ Վրաստանը հանդիսանում է «Հարավային գազային միջանցքի» անբաժանելի մասը»,- իր ելույթում, վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, ասել է Կվիրիկաշվիլին:

***

«Հարավային գազային միջանցքը» Եվրամիության համար առաջնահերթ նախագիծ է, որով նախատեսվում է Կասպից ծովից 10 մլրդ խմ ադրբեջանական գազ մատակարարել Եվրոպային: Նախատեսվում է մինչև 2019թ. TANAP (Տրանսանատոլիական գազատար) և TAP (Տրանսադրիատիկ գազատար) խողովակաշարերի համակարգ կառուցել ադրբեջանական Շահ Դենիզ հանքավայրից՝ Վրաստանի, Թուրքիայի, Հունաստանի, Ալբանիայի տարածքով դեպի Իտալիայի հարավ: Գազատարի թողունակությունը տարեկան 10 մլրդ խմ է: Նախագծի հայտարարված արժեքն է 45 մլրդ դոլար:

TAP նախագծի մասնակիցներն են բրիտանական BP-ն (20%), ադրբեջանական SOCAR-ը (20%), իտալական Snam-ը (20%), բելգիական Fluxys-ը (19%), իսպանական Enagas-ը (16%), շվեյցարական Axpo-ն (5%):

Ներկայում Եվրոպայի՝ գազի խոշորագույն մատակարարը «Գազպրոմն» է: 2015թ. ռուսաստանյան գազային հսկան Եվրոպային (նաև՝ Թուրքիային) մատակարարել է 158,6 մլրդ խմ գազ, շուկայի նրա մասնաբաժինը կազմում է 30,9%:

Ավելին՝ «Հարավային գազային միջանցքի» և «Գազպրոմի» Poseidon նախագծի մասին:

Ստելլա Մեհրաբեկյան