Շատ դրական փաստ. Բաքվում ԵՄ պատվիրակությունը՝ Վիեննայի հանդիպման մասին

Malena Mard Karabakh«Շատ դրական փաստ». այսպես է բնութագրել մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Բաքվում Եվրամիության պատվիրակության ղեկավար Մալենա Մարդը:

«Բուն հանդիպումը դրական փաստ է: Մենք այժմ սպասում ենք երկրորդ հանդիպման վերաբերյալ որոշմանը, որը թույլ կտա նախագծել հակամարտության կարգավորման ճանապարհային քարտեզը, կյանքի կոչել շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմը: Ստատուս քվոն անկայուն է: Հակամարտությունը ռազմական լուծում չունի»,- «ՌԻԱ նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Մարդը:

***

Մայիսի 16-ի ուշ երեկոյան Վիեննայում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, որին մասնակցել են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրը: ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդագրության համաձայն` համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդել են 1994թ. զինադադարի և 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

Հանդիպումից հետո համանախագահ երկրների նախարարները հայտարարություն են տարածել՝ ընդգծելով, որ ԼՂ խնդիրը չունի ռազմական լուծում: