Հուսով ենք` Բաքուն չի խորտակի միջազգային հանրության սպասելիքները. Նալբանդյան

Edward-Nalbandyan1ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 18-ին Սոֆիայում մասնակցել է Եվրոպայի խորհրդի գործադիր մարմնի՝ նախարարների կոմիտեի 126-րդ նստաշրջանին:

Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, իր ելույթում Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կիսում է ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդի տեսակետը «Ժողովրդավարական անվտանգության» հայեցակարգի վերաբերյալ, ըստ որի՝ ժողովրդավար երկրները քիչ հավանական է, որ պատերազմ սկսեն:

«Ակնհայտ է, որ ավտորիտար ռեժիմները նման երկընտրանքի առջև չեն կանգնում: Նման իրավիճակի ականատեսը դարձանք այս տարվա ապրիլի սկզբին, երբ Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ, ինչի հետևանքով բազմաթիվ զոհեր և վիրավորներ եղան, տեղի ունեցան միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ»,- ասել է Նալբանդյանը:

Նա նշել է, որ ապրիլի սկզբին ստեղծված լարված իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիները քննարկվեցին երկու օր առաջ Վիեննայում՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, որին ներկա էին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը, ԱՄՆ պետքարտուղարը և Ֆրանսիայի՝ եվրոպական հարցերով պետքարտուղարը, ովքեր ներկայացնում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները:

Նալբանդյանն ասել է, որ իրենց համատեղ հայտարարության մեջ համանախագահող երկրները շեշտեցին 1994-1995 թթ. զինադադարի մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն ձեռք բերվեց քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման վերաբերյալ:

«Այս ամենը կարող է ճանապարհ հարթել հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը վերսկսելու համար»,- ասել է Նալբանդյանը` հավելելով. «Մինչ այսօր Ադրբեջանը շարունակաբար խափանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նման առաջարկությունները և անգամ ձեռք բերված պայմանավորվածությունները: Հուսով ենք, որ այս անգամ Ադրբեջանը չի խորտակի համանախագահ երկրների հույսերը, միջազգային հանրության սպասելիքները»:

***

Մայիսի 16-ի ուշ երեկոյան Վիեննայում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևիհանդիպումը, որին մասնակցել են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրը: ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդագրության համաձայն` համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդել են 1994թ. զինադադարի և 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

Հանդիպումից հետո համանախագահ երկրների նախարարները հայտարարություն են տարածել՝ ընդգծելով, որ ԼՂ խնդիրը չունի ռազմական լուծում: