Քոսոտ 800 հեկտարը

Դուք նկատեցի՞ք, որ Հայաստանի մասին ակադեմիկոսի ասած «քոսոտ» բառը սահուն գնաց ու կպավ արցախյան ազատամարտին: Սկզբից Հայաստանն էր քոսոտ, հիմա՝ Արցախի ֆիզիկական տարածքի 800 հեկտարը: Ասում է, չէ՞, Սերժ Սարգսյանը, ռազմավարական առումով կամ մարտավարական առումով այդ տարածքները մեզ համար որևէ նշանակություն չունեն: Իսկ դրանք չկորցնելու համար տղաներ են զոհվել: Մենք չեղյա՞լ ենք համարել հիշատակի ինստիտուտը: Վաղը գուցե նրա՞նց էլ ասենք քոսոտ:

Սերժ Սարգսյանը չի սխալվում՝ էդ 800 հեկտարի վրա կազինոներ չկան, ինքնաթիռով էդ տարածքներ չես գործուղվի, սեփական հարմարավետության այգիներն ու լողավազանները, ցողունային բջիջներ ներարկող հիվանդանոցներն այդ 800 հեկտարով չեն անցնում: Իսկապես քոսոտ տարածքներ են, քոսոտ թիզեր՝ եթե հիշենք նաև «ոչ մի թիզ հող թշնամուն» կարգախոսը: Էս տարածքների համար Սերժ Սարգսյանն իր արյունը չի թափի: Հասկացանք, համաձայն եմ, քոսոտ է երկիրն այս, քոսոտ է 800 հեկտարը, բայց ինչու՞ ձեզնից չեք սկսում, ինչու՞ է ձեր քոսոտ ներկայությունն ավելի անձեռնմխելի, քան այս երկիրը: Ինչու՞ է երկիրը քոսոտ: Թվում է, թե սադրիչ և հակահայ հարց է: Պարզվում է՝ չէ, մարդիկ՝ Ռադիկ Մարտիրոսյանն ու Սերժ Սարգսյանը, տեսիլք ունեն իրենց հողերն այդպես անվանելու համար: Որովհետև Հայաստանը և 800 հեկտարը բիծ են էդ տեսիլքների վրա՝ կայսրություն տեսածների և կայսրության բարիքները վայելածների կյանքի վրա նստած բիծը: Քոսոտ երկիր է Հայաստանը, էդ պատճառով էլ անտառածածկ տարածքներ եք ոչնչացնում, հնձում եք կենդանական աշխարհը, ձեր անձնական կարիքները ձեզ «գործուղել» են դեպի այս երկրի բնական պաշարներ, որպեսզի սպառեք դրանք ու սպառեք: Հիմա, երբ բնական բոլոր «պաշարներից» մնացել է մարդը, քոսն ուղղակի ուտում է ձեր մարմինը: Սա կատակելու բան չէ, ընկերներ:

1991-ի սեպտեմբերի 21-ից մենք կարծես թե պետություն էինք կառուցում, որտեղ դուք էլ, մենք էլ նույն նավի մեջ էինք: Մայրերը որդիներ էին լույս աշխարհ բերում էդ նույն նավի մեջ, և ծննդաբերելիս նրանք այլևս կայսրության մայրերը չէին, նրանք որդիներ էին ծնում պատերազմող երկրում, որը հրադադարի համաձայնագիր էր ստորագրում այդ երեխաների ճիչերի ու թոթովախոսության ներքո: Այսինքն, թե սա հրադադար է, բալիկներ, և ոչ թե պատերազմի ավարտ, և գուցե ձեր ճակատ մեկնելու և ինչ-որ թիզի համար ընկնելու հերթն էլ կգա: Այն ժամանակ ոչ ոք հեկտարներով չէր հաշվում անվտանգության գոտին, որովհետև հեկտարը խաղաղության չափման միավոր է, հեկտարի վրա լոլիկ ու վարունգ են աճեցնում: Հեկտարի վրա ռումբեր չեն ընկնում, հեկտարը խնամում են և ոչ թե հանձնում «հոգեբանական նկատառումներով»: Հենց հեկտարները չեն խնամվել, որ ակադեմիայի նախագահը երկիրն անվանում է քոսոտ: Հեկտարի վրա քրտինք է թափվում, իսկ եթե այն վտանգված է՝ արյուն: Իսկ եթե արյունը հաշիվ չէ, ուրեմն զոհը կարիճ է, իսկ հողը՝ անապատ: Անապատն էլ են թիզով հաշվում: Ցանկացած աֆրիկացի ձեզ դա կասի: Ի դեպ, Հովիկ Աբրահամյանն էլ: Նա էլ է անապատների մասնագետ: Հակառակորդը չի կարող քո հողն ունենալ հեկտարով, որովհետև այն մեռած հող է: Բառերի հետ զգույշ եղեք, թալիշցիներն այդ կորցրած 800 հեկտարի պատճառով իրենց այգիների տերը չեն: Մարդը միայն անվտանգության գոտիներ ապահովողը չէ, մարդը նաև մշակն է:

Ոչ ոք չի ասում հետ բերեք այդ 800 հեկտարը: Ճիշտ է, որ նոր զոհերի կարիք չկա: Բայց փոխանակ խոստովանեք, որ, այո, անակնկալի եք եկել, այո, պատրաստ չեք եղել դիմադրելու, ավելի քան 100 զոհի հարազատների հանգույն ասում եք, որ «ռազմավարական առումով կամ մարտավարական առումով այդ տարածքները մեզ համար որևէ նշանակություն չունեն»: Այդպես պարզապես չէր կարելի: Զինվորը չի ուշաթափվում զոհվելու համար, բայց բանակ մտնելուց առաջ ինքը մայր ու եղբայր է գրկում, սիրած աղջիկ է համբուրում մահապարտի անմշակ բնազդով: Այսինքն, սիրելիներս, դիմացներս ադրբեջանցի է, ինչ ասես կարող է պատահել: Հետո նրան տանում են սահմանի բերան ու ասում, որ թիկունքում մայրդ է: Ասում են, որպեսզի հնարավոր մահը բովանդակություն ունենա, որպեսզի զինվորը մշակվի, որպեսզի հողի պաշտպանի, և նրա համար ընկնելու բնազդը դառնա գիտակցություն: Էդ գիտակցությունը նրա կապն է բոլորի հետ, ում համար որ ինքն ընկնելու է:

Իսկ դուք ասում եք, թե «ռազմավարական առումով կամ մարտավարական առումով այդ տարածքները մեզ համար որևէ նշանակություն չունեն»: Կներեք, գուցե դու՞ք գնաք կանգնեք սահմանին և հերոսաբար կորցնեք բոլոր այն տարածքները, որոնք «ռազմավարական առումով կամ մարտավարական առումով մեզ համար որևէ նշանակություն չունեն»:

Առնվազն սիրուն չէ, չէ՞: Բայց դուք արդեն մի ամբողջ երկիր եք քոսոտ ասել, 800 հեկտարի եղածն ի՞նչ է: Իսկ քոսոտ է, որովհետև ձեր բոլոր հայելիները միայն ձեզնից դուրս են նայում, որովհետև Միհրան Պողոսյանի կերած փողերը ձեզնից չի սկսվում, այլ՝ բյուջեից, քոսոտ է, որովհետև վիրավորված եք, որ դուք և երկիրը մեկ չեք, որ, թեպետ երկիրը ձեր հրահանգով ձեր ոտքերի տակ մորթված մի գառ է, բայց մորթողներն անգամ ձեզ չեն խոնարհվում, քոսոտ է, որովհետև նույնիսկ քծնանքը ձեզ չի բավարարում, որովհետև հակաքոսի ձեր չափանիշն ինքներդ չեք, այլ՝ Ռուսաստանն ու Ամերիկան, որովհետև ձեր հիացմունքը չափվում է մնացած աշխարհն իբրև ձեր վայելքների անդաստան ընկալելով, ուր դուք դատարկում եք ոչ ձեր գրպանի փողը, իսկ այստեղ ամեն ինչ այնքան քոսոտ է, որ փողն ինքը չի ուզում ծախսվել: Ասում եմ ձեզ՝ ակադեմիայի նախագահը չի սխալվել, ինքն էլ այս երկրի վրա կկրակեր, եթե միայն «ամեն ինչ լիներ թույլատրելի»: Երկիրը քոսոտ է, երբ ի սկզբանե աչքդ դուրսն է, երբ այնտեղ դու Տեր չես, թեպետ սպանողն էլ ես ինքդ, սպանության թիկունքին կանգնողն էլ: Եվ վերջապես, քոսոտ երկիր է, որովհետև այդպես էլ չսովորեցիք Հայաստանի մասին ասել պետություն: