EgyptAir ավիաընկերության օդանավ է կործանվել (լրացվող)

Radar EgyptAirՄիջերկրական ծովում հայտնաբերվել են բեկորներ, որոնք կարող են պատկանել կործանված եգիպտական օդանավին:

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, հղում անելով Հունաստանի ռազմական գերատեսչությանը, փրկրարարները Միջերկրական ծովի հարավային հատվածում՝ Կարպատոս կղզու մոտ, գտել են սպիտակ-կարմիր պլաստիկե բեկորներ:

EgyptAir ավիաընկերության օդանավը, ամենայն հավանականությամբ, ավիավթարի է ենթարկվել ահաբեկչական հարձակման, այլ ոչ թե տեխնիկական անսարքության հետևանքով, ավելի վաղ հայտարարել էր Եգիպտոսի ավիացիայի նախարար Շերիֆ Ֆաթհին:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հիմնվելով առկա տեղեկատվության վրա, ասել էր, որ Միջերկրական ծովի վրա անհետացած A320 ինքնաթիռը, ըստ ամենայնի, կործանվել է:

Նրա խոսքով՝ ավիավթարի ոչ մի վարկած չպետք է բացառվի:

Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսն իր հերթին տեղեկացրել է, որ ռադարներից անհետանալուց առաջ ինքնաթիռը մի քանի կտրուկ պտույտ է կատարել:

Ինչպես հաղորդում է BBC-ն, Ֆրանսիայի իշխանությունները հետաքննության ընթացքում մտադիր են ուշադրությունը կենտրոնացնել Շառլ դե Գոլ օդանավակայանի ցամաքային ծառայությունների աշխատակիցների վրա: Ըստ աղբյուրների՝ նախկինում աշխատակազմում հայտնաբերվել են սալաֆիականներ՝ իսլամի ամենածայրահեղական ուղղություններից մեկի հետևորդներ:

EgyptAir ավիաընկերության А320 ինքնաթիռը, որը թռիչք էր կատարում Փարիզից Կահիրե, մայիսի 19-ին անհետացել է ռադարներից: Ընկերության տվյալներով՝ օդանավում կար 66 մարդ՝ 56 ուղևոր և անձնակազմի 10 անդամ: Flightradar24 ծառայության հրապարակած քարտեզում երևում է, որ օդանավը ռադարներից անհետացել է Եգիպտոսի օդային տարածք մտնելուց հետո:

Անձնակազմի հետ կապը ընդհատվել է 11 մ բարձրության վրա գտնվելու ժամանակ: