Ո՞վ է գլխավորն աբխազական եկեղեցում

Կովկասյան jam-news.net հնգալեզու (անգլերեն, ռուսերեն, հայերեն, վրացերեն, ադրբեջաներեն) կայքը հոդված է հրապարակել աբխազական եկեղեցու խնդրի մասին: Հոդվածի հայերեն թարգմանությունը ներկայացված է ստորև:

Ո՞վ ում կողմից է

Աբխազական եկեղեցու կոնֆլիկտը բնավ Աբխազիայի հասարակական-քաղաքական ամբողջ իրավիճակի արտացոլումը չէ, որտեղ վաղուց մարդիկ բաժանվել են մերոնց և օտարների:

Ո՞ւմ աջակցել. կամակորության չափ ազատատենչ Միտրոպոլիայի՞ն՝ Դորոֆեյ վարդապետի գլխավորությամբ, թե՞ Ռուս ուղղափառ եկեղեցու (կարդա՝ Կրեմլ) աջակցությունն ունեցող հայր Վիսարիոնին: Այս հարցի շուրջ հստակ դիրքորոշում չունի ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը:

Կրեմլի հանգամանքն անկասկած իրեն զգացնել է տալիս: Ֆորումին քաղաքական գործիչներն ավելի քիչ էին, քան նախորդ անգամ:

Այս կիրակնօրյա առավոտը Նոր Աֆոնի վանքում, որտեղ տեղի էր ունենում Աբխազիայի ընդվզող Սուրբ միտրոպոլիայի երկրորդ եկեղեցական-ժողովրդական հավաքը, միայն թվում էր, թե շարքային է:

Սակայն հատուկ իրարանցում չէր նկատվում: Միակ բացառությունը վանքի մուտքի մոտ երկու շարքով շարած սեղաններն էին, որոնց մոտ գլխաշորերով երիտասարդ աղջիկները մանրակրկիտ ճշտությամբ լրացնում էին պատվիրակների տվյալները:

Միջոցառումից մեկուկես ժամ առաջ վանքի բակում այնքան էլ շատ մարդ չէր հավաքվել: Միտրոպոլիայի խորհրդում աշխարհիկների ներկայացուցիչ, նկարիչ Թեմուր Ձիձարիան սփոփեց.

– Ամեն ինչ նորմալ է, աբխազական ձևով են հավաքվում: Հիմնական զանգվածը ճիշտ ժամին կգա կամ նույնիսկ մի քիչ կուշանա:

Հարցի պատմությունը

Պաշտոնապես եկեղեցին առանձնացված է պետությունից, սակայն Աբխազիայի պես քիչ զարգացած պետություններում սահմանադրությունն այնուամենայնիվ բարի ցանկությունների հավաքածու է, քան թե կարգավորող փաստաթուղթ: Իրականում Աբխազիայի եկեղեցին (ինչպես նաև Ռուսաստանինն ու Վրաստանինը) քաղաքական կյանքից ոչ մի տեղ չէր էլ հեռացել:

Հինգ տարի առաջ, երբ Սուրբ միտրոպոլիան իր առաջին հավաքն էր անցկացնում, այն ժամանակվա ընդդիմության առաջնորդ Ռաուլ Հաջիմբան հայր Դորոֆեի կողմնակիցն էր և նույնիսկ կրակոտ ելույթ ունեցավ:

Սակայն որպես Աբխազիայի նախագահ նա այստեղ չի կարող ներկա լինել:

Մոսկվան ի դեմ Ռուս ուղղափառ եկեղեցու աչք է դրել Նոր Աֆոնի վանքի վրա, և նրան ոչ մի կերպ դուր չի գալիս հայր Դորոֆեյը: Եվ նրան նյարդայնացնում է այս հարցում պետական գործիչների նույնիսկ չեզոք դիրքորոշումն այնպես, որ կրեմլյան քաղաքական գործիչներն ավելի հաճախ են սկսել Աբխազիային տրամադրվելիք օգնությունը կապել եկեղեցական կոնֆլիկտի լուծման հետ:

Մոսկվային ձեռնտու կերպով այս հարցի լուծումը կնշանակի դուրս անել Դորոֆեին և մնացած ընդվզած հոգևորականներին վանքից: Եթե հարկ լինի՝ նույնիսկ ուժով:

Մի քանի ամիս առաջ Հաջիմբան, թվում էր, պատրաստ էր ծայրահեղ քայլերի դիմել: Սակայն նրա մոտ եկավ առաջին գումարման խորհրդարանի պատգանավորների խումբը՝ աբխազական եկեղեցու անկախության ակտիվ կողմնակիցներ Ստանիսլավ Լակոբայի և Օլեգ Դամենիայի գլխավորությամբ:

Ուժային տարբերակն արդյունքում չկիրառվեց (կամ հետաձգվեց): Սակայն մամուլի ծառայության միջոցով նախագահն արտահայտեց իր վերաբերմունքը. «Նոր Աֆոնի վանքում քաղաքացիների հավաքի անցկացումը կարող է բացասաբար անդրադառնալ ներեկեղեցական պառակտման հաղթահարման հեռանկարների վրա… և հակասության մեջ մտնել Աբխազիայի ողջ ուղղափառ համայնքի շահերի հետ»:

Իշխանական շրջանակներից Սուրբ միտրոպոլիային աջակցելու էին եկել նախագահի երկու ամենամոտ համախոհները՝ պատգամավորներ Ասլան Կոբախիան և Ախրա Բժանիան, ինչպես նաև նախագահի օգնական Դամեյ Կվինցիան և Միգրացիոն ծառայության պետ Ալեքսեյ Աջինջալը:

Միասնական ընդդիմության ներկայացուցչությունն ավելի համեստ էր. ներկա էր միայն «Կանայք քաղաքականությունում» կազմակերպության ղեկավար Իրինա Ագրբան և «Քյարազի» առաջնորդ Դմիտրի Դբարը:

Նրանք, ովքեր չէին միացել ոչ մի ճամբարի, ներկայացված էին ի դեմս «Այնար» կուսակցության ակտիվիստ Ալմաս Ջապուայի և ներքին գործերի նախկին նախարար Ռաուլ Լոլուայի:

Աֆոնցիներն իրենց կարծիքն ունեն

Փոխարենը եկեղեցական հավաքին էին եկել Նոր Աֆոնի գրեթե բոլոր բնակիչները, այդ թվում նաև քաղաքապետը: Նրանք այժմ Սուրբ միտրոպոլիայի թերևս գլխավոր հանգրվանն են:

«Մենք մի քանի անգամ փորձել ենք հարթել կոնֆլիկտը: Սակայն հայր Վիսարիոնը պահանջում է ամբողջապես ապաշխարհել և մեկնել Մոսկվա, իսկ այնտեղ իբր թող նրանք որոշեն: Դորոֆեին դա բնականաբար ձեռնտու չէ, քանի որ նա իրեն Ռուս ուղղափառ եկեղեցու սպասավոր չի համարում: Բացի այդ, խոսքը գնում է ոչ թե անձամբ նրա ճակատագրի մասին, այլ աբխազական ավտոկեֆալիայի», – ասում է Նոր Աֆոնի քարանձավի փոխտնօրեն Միրոն Չալմազը:

Կեսօրին հենց աֆոնցիներն էին կազմում եկեղեցական հավաքին ներկա աշխարհիկների կորիզը:

Ի՞նչ անել

Հայր Դորոֆեի կարծիքով եկեղեցական խնդիրը պետք է լուծվի «ժամանակակից Աբխազիայի Հանրապետության տարածքում ուղղափառ եկեղեցու ավտոկեֆալիայի ինստիտուտի փուլային վերստեղծման միջոցով»:

«Վրացական ուղղափառ եկեղեցու պատվիրակությունն իրավունք չունի ներկայացնելու Աբխազիայի ուղղափառ հոտը»,- հայտարարեց նա և կոչ արեց ներկաներին դիմել այս տարվա հունիսին Կրետեում կայանալիք Պանուղղափառ հավաքի նախագահին:

Ի՞նչ չանել

Միտրոպոլիայի առաջնորդը նկարագրեց նաև նախանշված նպատակին հասնելու ճանապարհին առկա վտանգները.

• Առաջին հերթին, չի կարելի փորձել ստեղծել «սեփական ազգային եկեղեցին», քանի որ ուղղափառ ուսմունքն ազգային և բացարձակ անկախ եկեղեցիներ չի ճանաչում: Գոյություն ունի միայն միասնական մայր տաճարի և առաքելական եկեղեցի:

• Երկրորդը՝ պետք է գիտակցել, որ եկեղեցական նորմերի համաձայն, Աբխազիայում նոր լիարժեք եկեղեցական ինստիտուտի ստեղծումը հնարավոր է միայն ողջ ուղղափառ հանրության աջակցության շնորհիվ՝ Տիեզերական պատրիարքի գլխավորությամբ:

• Եվ երրորդը՝ պետք է պատրաստ լինել երկարատև պայքարի: «1917թ-ի մայիսին վրացական հոգևորականությունը ավելի ծանր ուղի ընտրեց, քան աբխազականը: Նրանց հեռացրին եկեղեցուց, և ինքը եկեղեցին համարվում էր հերձվածողական մինչև 1943թ-ը: Սակայն այսօր Վրացական ուղղափառ եկեղեցին ուղղափառ համայնքի լիիրավ անդամ է և մասնակցելու է Պանուղղափառ հավաքին: Աբխազիայի հոգևորականությունը, հավատալով Համառուսական եկեղեցու սինոդի խոստումներին, այլ ճանապարհով գնաց, որը վերջին հաշվով հանգեցրեց աբխազական հոտը Վրացական ուղղափառ եկեղեցու կազմ մտցնելուն»:

Մի քանի տարի առաջ Սուրբ միտրոպոլիայի և տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսի հետ սկսվեց աբխազական հարցի քննարկումը: Պատրիարքը նկարագրեց պայմանները, որոնց հետևելու արդյունքում գործընթացը մեռյալ կետից կշարժվի: Պատմում է Սուրբ միտրոպոլիայի քարտուղար Գերման Մարշանիան.

• Առաջին հերթին՝ պետք է լսել ժողովրդի կարծիքը Վրացական ուղղափառ եկեղեցու կազմում մնալու կամ դուրս գալու մասին:

• Երկրորդ հերթին՝ լսել Աբխազիայի տարածքում գտնվող հոգևորականության կարծիքն այս հարցի շուրջ:

• Եվ երրորդը՝ անհրաժեշտ է պետության ղեկավարի պաշտոնական ուղերձը եկեղեցու ինստիտուտի վերականգնման և Տիեզերական պատրիարքարանի կողմից այդ գործունեության լեգիտիմացման համար:

Արդեն 70 հազարից ավելի ձայն է հավաքվել Աբխազական ուղղափառ եկեղեցու ավտոկեֆալիայի վերականգնման համար, իսկ 2014թ. մայիսին հոգևորականությունն, անկախ նրանից, թե որ կազմակերպությանն է պատկանում, ստորագրել է Տեղական եկեղեցիների առաջնորդների ժողովին ուղղված ուղերձը: Երրորդ պայմանը՝ Աբխազիայի նախագահի պաշտոնական ուղերձը, դեռ կատարված չէ:

Կնոֆլիտկի կողմերն իհարկե հավասարակշռված չեն երևում:

Հայր Վիսարիոնին աջակցում է Կրեմլը, պատրիարք Կիրիլը, աբխազական մի շարք խոշոր քաղաքական գործիչներ, ինչպես նաև նախագահ Հաջիմբան:

Հայր Դորոֆեին աջակցում են Նոր Աֆոնի բնակիչները և անուն, բայց ոչ ռեսուրս ունեցող մի քանի քաղաքական գործիչ:

Սակայն դիմակայության արդյունքն այդքան էլ ակնհայտ չի թվում:

Ժամանակակից Աբխազիայի իրողություններն այնպիսին են, որ ոչ մի լուրջ ներաբխազական կոնֆլիկտ ինքն իրեն չի լուծվում, եթե հասարակական համաձայնություն չկա: Կարելի է իհարկե հոգևորականներին դուրս հանել վանքից, հատկապես, որ նրանք շատ չեն և այս պատմության մեջ մի մեծ վերջակետ դնել:

Սակայն նունիսկ նախագահն է հասկանում, որ ուժային ճանապարհով խնդիրը չես լուծի: Պետք է համաձայնության գալ:

JAMnews-ի դոսյե

2008թ. Ռուսաստանի Դաշնությունը ճանաչել է Աբխազիայի անկախությունը, սակայն Ռուս ուղղափառ եկեղեցին շարունակում էր այն համարել Վրացական ուղղափառ եկեղեցու կանոնիկ տարածք, որն էլ նրան պետք է որպես դաշնակից ուկրաինացի և այլ եկեղեցական անջատողականների դեմ պայքարում:

 

 

Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ: