Կառավարությունը կրճատում է պետական գերատեսչությունների 797 մեքենա

1b_5c_1Մայիսի 19-ի նիստին կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրել է զեկույց՝ նախորդ նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանի տված հանձնարարականի վերաբերյալ: Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, Հարությունյանն ասել է, որ բոլոր կետերով աշխատանքները սկսված են և ինտենսիվ ընթանում են:

Նա նշել է, որ ավտոմեքենաների կրճատման հարցով խնդրին մոտեցել են փուլային եղանակով, և առաջին փուլում կրճատվելու է 797 մեքենա:

«Փոքր-ինչ մանրամասնեմ: Մենք աշխատել ենք բոլոր նախարարությունների հետ, բացի պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների, բոլոր առընթեր մարմինների հետ, բացառությամբ ոստիկանության, ազգային անվտանգության և քննչական ծառայությունների, ինչպես նաև փրկարար ծառայության:

Բյուջեից ուղղակի ֆինանսավորվող մեքենաների քանակը կրճատվում է 107-ով, իսկ մարմիններին ենթակա ՊՈԱԿ-ներում, ՓԲԸ-ներում և հիմնադրամներում կրճատվելու է 690 ավտոմեքենա: Պետք է նշեմ, որ դրանց մի մասն օգտագործվում էր հենց պետական մարմինների կողմից»,- ասել է Դավիթ Հարությունյանը:

Նա առաջարկել է ֆինանսների նախարարին հանձնարարել՝ կառավարության հաջորդ նիստին ներկայացնել որոշման նախագիծ, որում արտացոլված կլինի բյուջեից ֆինանսավորվող պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակների` իր կողմից նշված նվազեցումը, ինչպես նաև կրճատված ավտոմեքենաների պահպանման ծախսերի նվազեցումը:

Հարությունյանն ասել է, որ նախապատրաստվել է վարչապետի հանձնարարականի նախագիծ, որով`

1) Արգելվում է սպասարկող (այսինքն՝ հերթապահ մեքենաների) ամրագրումը որևէ կոնկրետ պաշտոնատար անձի: Վարչապետի վերահսկողական ծառայության կողմից պարբերաբար ուսումնասիրություններ պետք է կատարվեն սպասարկող մեքենաների օգտագործման նպատակայնության վերաբերյալ:

2) Բոլոր նշած մարմինների պաշտոնական կայքերում պետք է զետեղվի տեղեկատվություն մեքենա առ մեքենա, թե ում է այն սպասարկում, մակնիշը, արտադրության թվականը, շարժիչի հզորությունը, պետհամարանիշը:

3) Պետք է արգելվի ծառայողական նպատակներով օգտագործելու համար ՊՈԱԿ-ին, ՓԲԸ-ին, հիմնադրամներին կամ պետական հիմնարկին պատկանող մարդատար ավտոմեքենաների տրամադրումը հանրապետական գործադիր մարմիններին:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի խոսքով` բացի այդ` որպեսզի բյուջետային միջոցները խիստ նպատակային և արդյունավետ օգտագործվեն, առաջարկվում է տալ հանձնարարական պետական իշխանության կառավարման մարմիններին` ՀՀ 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված (ներառյալ միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից տրամադրված վարկային և դրամաշնորհային ծրագրերը, ինչպես նաև արտաբյուջետային միջոցների հաշվին իրականացվող ծախսերը) միջծրագրային, միջհոդվածային, միջեռամսյակային, ներհոդվածային, այդ թվում՝ գնումների անվանացանկի փոփոխությունները, բոլոր այդ վերաբաշխումները համաձայնեցնել վարչապետի հետ:

Փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը հավելել է, որ Հովիկ Աբրահամյանի անցած շաբաթվա ելույթում կար հանձնարարական՝ կառավարման ապարատի օպտիմալացման ուսումնասիրության վերաբերյալ: Փոխվարչապետը զեկուցել է, որ կառավարության ղեկավարի հրամանով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որն իրականացնելու է ապարատի օպտիմալացման իրավիճակային վերլուծություն և ներկայացնելու է առաջարկություններ: Վաչե Գաբրիելյանը տեղակացրել է, որ աշխատանքային խմբի նիստերը կմեկնարկեն հաջորդ շաբաթվանից:

***

Կառավարության մայիսի 12-ի նիստին Հովիկ Աբրահամյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշել էր, որ կառավարությունը պետք է անցնի խնայողության առավել խիստ ռեժիմի: «Պետք է ձևավորենք առավել քիչ ծախսատար պետական կառավարման ապարատ»,- ասել էր նա: Աբրահամյանը նաև ասել էր, որ պետական կառավարման ապարատը պետք է դառնա ավելի կոմպակտ: Խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին` վարչապետը նաև հանձնարարել էր վերլուծել Հայաստանում առկա մենաշնորհները:

Մեկնաբանել