ԼՂՀ ԱԺ-ն դատապարտել է Օսմանյան Թուրքիայում հույների ցեղասպանությունը

Nkr-ParliamentԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի «Հայրենիք», «Ժողովրդավարություն», «Դաշնակցություն», «Շարժում-88» և «Վերածնունդ» խմբակցությունները մայիսի 19-ին հայտարարություն են ընդունել` «Օսմանյան կայսրությունում հույների հանդեպ իրականացված ցեղասպանությունը դատապարտելու մասին»:

Հայտարարության տեքստում մասնավորապես ասված է. «Հիմք ընդունելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները և ցեղասպանությունը դիտարկելով որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն; համոզված լինելով, որ ցեղասպանությունների ճանաչումը և դատապարտումը թույլ կտա կանխել նոր ոճրագործությունները; արձանագրելով հայ և հույն ժողովուրդների դարավոր բարեկամությունը և համերաշխություն հայտնելով Արցախի Հանրապետության հունական համայնքին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները դատապարտում են Օսմանյան կայսրությունում հույների հանդեպ իրականացված ցեղասպանությունը»:

Մայիսի 19-ը Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակի օրն է: Ցեղասպանված հույն նահատակների հիշատակը այսօր հարգել են նաև ՀՀ ԱԺ պատգամավորները: Գալուստ Սահակյանը հանդես է եկել հայտարարությամբ` ասելով. «Ողջ աշխարհի հույները խնկարկում են իրենց հայրենակիցների հիշատակը, որոնք ցեղասպանության ենթարկվեցին Օսմանյան Թուրքիայում` Զմյուռնիա քաղաքում և Պոնտոսի սևծովյան առափնյա տարածքներում»:

Նա հիշեցրել է, որ անցյալ տարի ՀՀ Ազգային ժողովն ընդունել է հայտարարություն, որով դատապարտեց Օսմանյան Թուրքիայի կողմից հույների և ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը: