Չիլիի խորհրդարանը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան

Չիլիի խորհրդարանի շենքը:Չիլիի Պատգամավորների պալատը (խորհրդարանի ստորին պալատը) բանաձև է ընդունել 2016թ. ապրիլի 1-2-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ՝ դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ:

«Ապրիլի 1-2-ի գիշերը Ադրբեջանի օդային և ցամաքային ուժերը լայնամասշտաբ հարձակում իրականացրին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանագծում` ծանր հրետանու և վերջին սերնդի հրթիռների կիրառմամբ: Վերոնշյալ ագրեսիան 1994թ. կնքված զինադադարի, ինչպես նաև վեճերի խաղաղ լուծման վերաբերյալ ՄԱԿ-ի նորմերի ամենակոպիտ խախտումն է: Բռնության այս նոր սրման կապակցությամբ, որր հանգեցրել է քաղաքացիական և զինվորական մեծ կորուստների, Պատգամավորների պալատը դատապարտում է այս ագրեսիան, կոչ անում ռազմական գործողությունների դադարեցման և խաղաղ բանակցությունների շարունակության` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:

Միջազգային հանրությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը համարում են, որ հակամարտությունը, որն արդեն ավելի քան երկու տասնամյակ շարունակվում է, պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերի և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգման միջոցով: Կոչ է անում Ադրբեջանի Հանրապետությանը վերահաստատել խաղաղության իր հանձնառությունը, անմիջապես դադարեցնել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ պատերազմական գործողությունները և խստորեն պահպանել 1994թ. կողմերի միջև ձեռք բերված զինադադարը:

Կոչ է անում Չիլիի կառավարությանը կողմերին հորդորել հավատարիմ մնալ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում ընթացող բանակցություններին և այդպիսով խուսափել տարածաշրջանում անդառնալի հետևանքների հանգեցնող պատերազմի բռնկումից»:

Բանաձևն ընդունվել է միաձայն: Արգենտինական Prensa Armenia գործակալությունն ընդգծում է, որ դրանով Չիլիի խորհրդարանն անուղղակի ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Բանաձևը ներկայացրել էր պատգամավոր Գուստավո Հասպուն Զելումեն: Հարավային Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ղեկավար Ալֆոնսո Թապաքյանը ողջունել է Չիլիի խորհրդարանի այս քայլը: