Հավատարիմ և հարմարվող. ո՞վ է փոխարինում Դավութօղլուին

FT3Թուրքիայի իշխող՝ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) մայիսի 19-ին երկրի տրանսպորտի և կապի նախարար Բինալի Յըլդըրըմի թեկնածությունը պաշտոնապես առաջադրել է կուսակցության առաջնորդի պաշտոնում: ԱԶԿ-ականները դեռ պետք է պաշտոնապես ընտրեն Յըլդըրըմին մայիսի 22-ին: Դառնալով իշխող կուսակցության նախագահ՝ Բինալի Յըլդըրըմը ձևավորելու է Թուրքիայի նոր կառավարությունը և ստանձնելու է վարչապետի պաշտոնը՝ փոխարինելով Ահմեդ Դավութօղլուին, որը հեռացավ այդ պաշտոնից նախագահի հետ տարաձայնությունների ֆոնին: Ո՞վ է Թուրքիայի նոր վարչապետը: Վերլուծաբանները գրեթե միակարծիք են նրանում, որ Թուրքիայի կառավարության նոր ղեկավարը Էրդողանի այն մտերիմներից է, որը դժվար հակառակվի նրան և, ըստ ամենայնի, կլինի ավելի շատ կամակատար, քանի ինքնուրույն գործիչ:

«Տրանսպորտի նախարարին է՛լ ավելի կարևոր է դարձնում Էրդողանի հետ մտերիմ հարաբերությունների հանգամանքը»,- գրում է Al-Monitor-ի սյունակագիր Մուստաֆա Աքյոլը՝ շեշտելով, որ Էրդողանը նրան խորհրդական է նշանակել որպես վարչապետ Ահմեդ Դավութօղլուի «պահեստային տարբերակ»:

«Ինչո՞ւ է Էրդողանը Դավութօղլուին փոխարինել Յըլդըրըմով,- հարցադրում է անում հեղինակը: – Պարզ պատասխանն է՝ Դավութօղլուն բավականաչափ հավատարիմ և ենթարկվող չէր: Նա վերջ ի վերջո նախկին պրոֆեսոր էր և ինքնավստահ մտավորական, որն ուներ սեփական հայացքները թուրքական քաղաքական հարցերի վերաբերյալ: Նա նաև ուներ խարիզմա՝ «դավութօղլու-ականների» փոքրաթիվ, սակայն երևելի թիմով, որի շարքում էին ԱԶԿ-ի առավել կրթված և բարձրաշխարհիկ դեմքերը»:

Ի տարբերություն Դավութօղլուի, գրում է Աքյոլը, Յըլդըրըմը տեխնոկրատ է՝ «առանց հակասական հարցերում որևէ տեսանելի դիրքորոշման», նա «խարիզմատիկ չէ» և չունի «յըլդըրըմ-ականների» թիմ:

«Հենց դա է պատճառը, որ թուրք որոշ քաղաքական վերլուծաբաններ համոզված են, որ Դավութօղլուի հեռացմամբ և Յըլդըրըմի գալով Թուրքիայի վարչապետի բուն պաշտոնը նաֆտալինի մեջ է դրվում: Այսուհետև վարչապետերը կլինեն միայն նախագահի քարտուղարներ, քանի որ նախագահի ձեռքում է կենտրոնացած լինելու ամբողջ քաղաքական ուժը»,- գրում է Աքյոլը:

Սյունակագրի համոզմամբ՝ շուտով վարչապետի աթոռը Թուրքիայում կարող է կազմալուծվել, եթե Էրդողանը կյանքի կոչի նախագահական համակարգը:

«Իրականությունն այն է, որ նախկին վարչապետի և նախագահի միջև կար գոնե մի քանի միլիմետրի հեռավորություն: Նոր վարչապետի գալով, այդուհանդերձ, այդ հեռավորությունը վերացվում է: Այժմ վարչապետը, կուսակցությունը և պետությունը դառնում են նույն բանը՝ Էրդողանի վերահսկողության տակ»,- եզրակացնում է հեղինակը:

Յըլդըրըմը՝ Էրդողանի նախագծերի կատարող. Մուրաթ Յեթքին

Hurriyet Daily News-ի սյունակագիր Մուրաթ Յեթքինը, սակայն, այնքան էլ հակված չէ մտածելու, որ Յըլդըրըմը լինելու է Էրդողանի հարյուր-տոկոսանոց կամակատարը:

«Նա այն քչերից է Էրդողանի շրջապատում, որոնք դեռ կարող են հակառակվել նրան այն հարցերում, որոնցում չեն կիսում նախագահի կարծիքը, ինչը Յըլդըրըմին չի դարձնում որոշում ընդունող, սակայն կատարյալ խորհրդատու և գործընկեր»,- կարծում է Յեթքինը:

«Էրդողանի և Յըլդըրըմի մտերիմ հարաբերություններով պայմանավորված և հաշվի առնելով, որ վերջինս Էրդողանի որոշումների կայացման մասնակիցն է, 100 տոկոսով ճիշտ չի լինի ասել, որ Էրդողանը կկայացնի որոշումներ, իսկ Յըլդըրըմը կյանքի կկոչի դրանք: Ավելի ճիշտ կլինի ասել, որ այսուհետև Էրդողանը կհեղինակի բոլոր որոշումները, իսկ Յըլդըրըմը կիրագործի բոլոր նախագծերը, որոնք այսուհետև դուրս կգան տրանսպորտի և կապի ոլորտի շրջանակներից»,- նշում է Յեթքինը:

Financial Times-ի անդրադարձը

Ամերիկյան Fiancial Times-ը նույնպես անդրադարձել է Թուրքիայում քաղաքական վերադասավորումներին՝ գրելով, որ Բինալի Յըլդըրըմի հավատարմությունը Էրդողանին շատ կարևոր է, քանի որ վերջինս պատրաստվում է փոխել սահմանադրությունը և որպես նախագահ՝ ստանալ ավելի շատ լիազորություններ, որոնք ավանդաբար պատկանել են վարչապետին:

«Յըլդըրըմը թվում է բացառիկ զիջող և հարմարվող, սակայն այս տեսակի հարաբերությունները նույնպես կարող են խնդրահարույց լինել,- պարբերականը մեջբերում է Ստամբուլի Բիլգիի համալսարանի պրոֆեսոր Իլթեր Թուրանին: – Իրավական տեսանկյունից, որպես կուսակցության նախագահ և վարչապետ, նա պատասխանատու է քաղաքականության բոլոր ուղղությունների համար և չի կարող մշտապես խորհրդակցել նախագահի հետ»:

Պրոֆեսորի համոզմամբ՝ չի կարելի միանշանակ եզրակացնել, որ Յըլդըրըմի հավատարմության և հարմարվողականության շնորհիվ ամեն ինչ հրաշալի կլինի:

Ստելլա Մեհրաբեկյան