Կարող եք չկասկածել` Ռուսաստանը միշտ օգնելու է ԼՂ խնդրի կարգավորման հարցում. Մեդվեդև

17520_bՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 20-ին ընդունել է Ռուսաստանի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին, որը Հայաստան է ժամանել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով:

Ինչպես հաղորդում են նախագահի մամուլի գրասենյակից, հանդիպմանը Սերժ Սարգսյանն ասել է. «Անցած անգամ Ձեր պաշտոնական այցի ժամանակ մենք քննարկեցինք մեր օրակարգի առավել արդիական և զգայուն հարցերը: Կարծում եմ, որ այսօր մենք կշարունակենք այդ զրույցը, քանի որ այն ժամանակ, իրոք, բարդ ժամանակաշրջան էր մեր տարածաշրջանի համար, որը ստեղծվել էր Ադրբեջանի կողմից 1994-95 թթ. պայմանագրերի կոպտագույն խախտումների պատճառով»:

Սարգսյանը տեղեկացրել է, որ օրեր առաջ Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել զինադադարի ռեժիմի խախտումների մշտադիտարկում անցկացնելու և միջադեպերի հետաքննության մեխանիզմ ներդնելու վերաբերյալ: «Մենք, իհարկե, մեր կողմից կանենք ամեն ինչ, որպեսզի այդ խախտումները չլինեն, և հուսով եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարները հետևողականորեն կիրականացնեն այն որոշումները, որոնք մենք համատեղ ընդունել ենք»,- ասել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահականի հաղորդմամբ` Դմիտրի Մեդվեդևը նշել է, որ սա, ըստ էության, արդեն իր երկրորդ այցն է Հայաստան մեկ ամսվա ընթացքում, և «դա, շատ լավ է, քանի որ բնութագրում է ՀՀ և ՌԴ միջև հարաբերությունների մակարդակը, այն կապերի դաշնակցային բնույթը, որ գոյություն ունեն երկու երկրների, երկու ժողովուրդների միջև»: «Անցած անգամ մենք, իսկապես, անցկացրեցինք երկկողմ բանակցություններ, իսկ այսօր տեղի կունենա մեր միության Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված ձևաչափով նիստը: Դիտարկելու ենք տարբեր և առաջին հերթին տնտեսական հարցեր, որոնք օգտակար են բոլոր երկրների համար»,- ասել է Մեդվեդևը` հավելելով, որ սա առաջին նման միջոցառումն է Հայաստանում և այս իմաստով խորհրդանշանակ է, որ Եվրասիական հանձնաժողովի ղեկավարը նույնպես ներկայացնում է Հայաստանը:

«Կշփվենք, և գործընկերները կառավարությունից Ձեզ կզեկուցեն արդյունքների մասին: Վստահ եմ, որ կհասնենք այն պայմանավորվածություններին, որոնք անհրաժեշտ են, կրկնում եմ, մեր տնտեսությունները խթանելու համար: Իրոք, իմ անցած այցը կայացավ շատ դժվար իրավիճակի պայմաններում: Միանգամից ուզում եմ ասել, որ մենք Ռուսաստանում, այնուամենայնիվ, շատ լարված հետևում էինք իրադարձությունների զարգացմանը, ուժերի ներածին չափով օգնում էինք ստեղծված իրավիճակը կարգավորելու համար»,- ասել է ՌԴ վարչապետը:

Նա կարևորել է ձեռք բերված զինադադարի ռեժիմի պահպանումը: «Այս համատեքստում մենք, իհարկե, լիովին ողջունում ենք Ձեր հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ, որը տեղի ունեցավ Վիեննայում, ինչպես նաև Մինսկի խմբի շրջանակներում ջանքերը, որոնք նախաձեռնվում են երկխոսությունը պահպանելու, շփումը շարունակելու և ապագայում նման բնույթի միջադեպեր թույլ չտալու համար՝ հաշվի առնելով այն պայմանավորվածությունների պահպանումը, որոնք պատմականորեն ձեռք են բերվել 1994-95 թթ. և, իհարկե, տարածաշրջանում ավելի ամուր խաղաղության ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորման ուղղությամբ առաջ շարժվելու: Կարող եք չկասկածել՝ Ռուսաստանը միշտ օգնել է և օգնելու է այս դժվար հակամարտության կարգավորման հարցում: Իսկ մենք Ձեզ հետ միասին այժմ կքննարկենք դրա հետ կապված բոլոր հարցերը»,-ասել է Մեդվեդևը:

Մեկնաբանել