Անընդունելի է հանրությանը տարածքների ու մարդկային կյանքի երկընտրանքի առաջ կանգնեցնել. «Համախմբում»

unity«Համախմբում» կուսակցության նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին իրադարձությունների առթիվ:

«Չորսօրյա պատերազմը, դրա արդյունքում ստեղծված իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի շուրջ Վիեննայում ընթացող բանակցային գործընթացից հետո հայկական, ինչպես նաև այլ կողմերից հնչած նախնական հայտարարությունները և տեսակետները լուրջ մտահոգությունների ու անհանգստության տեղիք են տալիս։

Մեզ համար անընդունելի է հանրությանը տարածքների ու մարդկային կյանքի երկընտրանքի առաջ կանգնեցնելը, ինչը շատ վատ ազդակ է մեր ժողովրդին, մեր բանակին, միջնորդներին և հատկապես մեր հակառակորդին։

Մենք համոզված ենք, որ առանց Լեռնային Ղարաբաղի անկախության իրավական ամրագրումը ներառող համաձայնության՝ հակամարտության կարգավորման ցանկացած փուլային տարբերակ սպառնալիք է ՀՀ և ԼՂՀ անվտանգությանը»,- ասված է հայտարարության մեջ։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Վիեննայում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից վերադառնալիս օդանավում լրագրողների հետ հարցազրույցում անդրադառնալով չորսօրյա պատերազմի ընթացքում հայկական կողմի տարածքային կորուստների մասին հարցին, ասել էր. «Եթե զուտ մետրով չափենք, ապա հայկական ուժերը, որոնք որպես անվտանգության գոտի ունեին 800 հազ. հեկտար, դրանից կորցրել են մոտ 800 հեկտարը: Դա չի կազմում անգամ մեկ հազարերորդ մասը»: Նա հավելել էր. «Հավատացեք` մեր զինված ուժերը ի վիճակի էին այդ ստատուս քվոն վերականգնելու, ընտրության խնդիր էր` արդյոք արժե՞ր այդ ութ հարյուր հեկտարի համար զոհել երեսուն, քառասուն կամ ութսուն հայրենասեր տղաների, որոնց կարիքը մենք դեռևս շատ ենք ունենալու»:

«Համախմբում» կուսակցությունը ստեղծվում է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի նախաձեռնությամբ:

Մեկնաբանել