Սերժ Սարգսյանն ընդունել է ԵՏՄ վարչապետներին

17531_bՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 20-ին ընդունել է Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին, որոնք Հայաստան են ժամանել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով:

Ինչպես հաղորդում են նախագահի մամուլի գրասենյակից, Սերժ Սարգսյանն ասել է. «Մենք բոլորս անդամակցել ենք Եվրասիական տնտեսական միությանը՝ ելնելով մեր տնտեսական շահերից, մեր քաղաքացիների շահերից: Շատ կարևոր է, որ ընդունվող որոշումները լինեն շոշափելի գործարար միջավայրի, յուրաքանչյուր ապրանքի գնորդի և ծառայության պատվիրատուի համար: Այդ նպատակին հասնելու համար, կարծում եմ, որ ամենակարևոր հարցը խոչընդոտների վերացումն է՝ տեխնիկական խոչընդոտների, որոնք խանգարում են ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժին, դրանով իսկ՝ նվազեցնում ինտեգրացիոն գործընթացներից տնտեսական արդյունավետությունը»:

Նա ԵՏՄ-ում նախագահող երկրի՝ Ղազախստանի վարչապետ Քարիմ Մասիմովին խնդրել է ներկայացնել՝ կա՞ արդյոք օրակարգում առկա հարցերի շուրջ ընդհանուր ընկալում, և ինչպիսի՞ արդյունքներ են ակնկալվում այս հանդիպումից:

«Մեզ համար առջևում այսօր աշխատանքային օր է, որի ընթացքում նախատեսված է Եվրասիական տնտեսական միության հետագա զարգացման հետ կապված հարցերի քննարկում: Նախագահների հանդիպման նախօրեին մենք կաշխատենք քննարկել և օրակարգից հանել հարցերի մեծամասնությունը, որպեսզի բարձր մակարդակով քննարկմանը ներկայացնենք միայն հետագա զարգացման տեսանկյունից խոշոր ռազմավարական հարցերը»,- ասել է Ղազախստանի վարչապետը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է ԵՏՄ-ի՝ ինտեգրացիոն այլ միավորումների հետ համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև առանձին երկրների հետ հարաբերությունների զարգացման հեռանկարները:

ԵՏՄ անդամ երկրների տնտեսությունների հետագա բնականոն զարգացման առումով Սերժ Սարգսյանը կարևորել է անվտանգության բաղադրիչը և այդ տեսանկյունից ներկայացրել ԼՂ հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները:

***

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը Երևանում պետք է կայանար ապրիլի 8-ին: Սակայն Ղազախստանի վարչապետ Քարիմ Մասիմովը հրաժարվեց մասնակցել երևանյան նիստին, և այն տեղափոխվեց Մոսկվա: Վերլուծաբանների կարծիքով՝ Աստանան հանդիպումը տեղափոխեց` խուսափելու համար այն տպավորությունից, որ Ադրբեջանի հետ ամուր մշակութային և լեզվական կապ ունեցող Ղազախստանը ԼՂ հակամարտությունում աջակցում է Հայաստանին:

Երևանի փոխարեն Մոսկվայում կայացած հանդիպմանը որոշվեց հաջորդ նիստը անցկացնել Երևանում մայիսի 20-ին:

Մեկնաբանել