Սեֆիլյանը պատրաստ է ղեկավարել կորսված հողերը վերականգնելու օպերացիան

TH_zhirayr-sefilyan«Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության քարտուղարության համակարգող, «Նոր Հայաստան» քաղաքական շարժման Ընդդիմության միասնական շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանը պատրաստակամություն է հայտնում ստանձնել Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ռազմական պատասխանատվությունը:

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Սերժ Սարգսյանը մայիսի 17-ի իր հայտնի հարցազրույցում պաշտոնապես հաստատեց, որ ինքը, որպես Արցախի անվտանգությունը երաշխավորելու պարտականություն ստանձնած Հայաստանի Հանրապետության նախագահի և այդ պարտականությունը ռազմական առումով իրականացնելուն կոչված Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնները զբաղեցնող անձ, հրաժարվում է կատարել Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի հետևանքով խախտված Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու պարտականությունը, քանի որ դա կարող է հանգեցնել զինծառայողների զոհվելուն:

Ինքը, որպես Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցնող անձ, դեմ չէ, որ յուրաքանչյուր ոք կամավոր կերպով ստանձնի Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու գործի ռազմական պատասխանատվությունը:

Ես՝ Ժիրայր Սէֆիլյանս, հաշվի առնելով վերոհիշյալը, հայտարարում եմ, որ պատրաստ եմ իմ և իմ նախագահությամբ գործող՝ «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ցուցակագրվող կամավորների ուժերով ստանձնելու Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու գործի ռազմական պատասխանատվությունը, այդ նպատակով կոչ եմ անում ՀՀ քաղաքացիներին, արտերկրաբնակ հայությանը, ինչպես նաև Հայկական բանակի սպաներին, ենթասպաներին և զինվորներին կամավորագրվել` Արցախի տարածքային ամբողջականությունը իմ հրամանատարությամբ վերականգնելու ռազմական գործողություններին մասնակցելու համար»:

***

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Վիեննայում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից վերադառնալիս օդանավում լրագրողների հետ հարցազրույցում անդրադառնալով չորսօրյա պատերազմի ընթացքում հայկական կողմի տարածքային կորուստների մասին հարցին, ասել էր. «Եթե զուտ մետրով չափենք, ապա հայկական ուժերը, որոնք որպես անվտանգության գոտի ունեին 800 հազ. հեկտար, դրանից կորցրել են մոտ 800 հեկտարը: Դա չի կազմում անգամ մեկ հազարերորդ մասը»: Նա հավելել էր. «Հավատացեք` մեր զինված ուժերը ի վիճակի էին այդ ստատուս քվոն վերականգնելու, ընտրության խնդիր էր` արդյոք արժե՞ր այդ ութ հարյուր հեկտարի համար զոհել երեսուն, քառասուն կամ ութսուն հայրենասեր տղաների, որոնց կարիքը մենք դեռևս շատ ենք ունենալու»:

Մեկնաբանել