Ամայի և անմշակ բանտ

vahram baghdasaryaan 800 հեկտարն Ադրբեջանի համար հենց շնից (ներողություն) պոկած մազն էր: Վահրամ Բաղդասարյանը սա չգիտի:

Ո՞վ էր կասկածում, որ կորցրած 800 հեկտարը ամայի տարածք է: Հեկտարն՝ ամայի, Կարլ: Հեկտարի պաշտոնական անունը՝ բուֆերային գոտի: Իբր օձն իր պորտով, հավքն իր թևով էդ կողմերով չէր անցնում: Լրիվ անապատ:

Երբ էականի մասին չես խոսում, ինչե՜ր կարելի է ասել: Միայն թե չասեն, որ վերջին 22 տարում հայկական բանակը տարածք է կորցրել: Իսկ կորցրել է, որովհետև պետք է կորցներ: 800 հեկտարն Ադրբեջանի համար հենց շնից (ներողություն) պոկած մազն էր: Վահրամ Բաղդասարյանը սա չգիտի: Իսկ Սերժ Սարգսյանը գիտի: Նրան ասվել է, որ պետք է տարածքներ զիջես, որպեսզի քո ժողովուրդը հոգեբանորեն պատրաստվի փոխզիջումներին: Նրան ասվել է, որ դու ազատ ես քո ժողովրդին հեքիաթներ պատմել, թե ինչպես մատաղ արեցիր ավելի քան 100 զինվորի, բայց ինչ-որ մետրեր պետք է զիջես: Թող դա լինի բուֆերային գոտի, թող դա լինի անապատ, թող դա լինի անմշակ տարածք, բայց զիջել պետք է: Դա մեր զինվորը չի զիջել: Դա հայկական բանակի պարտությունը չէ: Դա պարտությունն է մի մարդու, որը լեգիտիմ չլինելու պատճառով միայն պարտության պայմանավորվածություններ կարող է կայացնել: Եվ չի կարող մարդը ասել, թե դա ի՞նչ հող է՝ մեկ հազարերորդականը անվտանգության գոտու: Թող ասի: Էականն այն է, որ հայ մարդը տեսավ՝ հերիք չէ, որ կոռուպցիայի մեջ է թաղված է ամբողջ իշխանությունը, հերիք չէ 2008-ից այս կողմ այդ իշխանությունը մատը մատին չի խփել գոնե մեկ հոգու կյանքը լավացնելու համար, հերիք չէ այս ամենը հանդուրժվել է Ղարաբաղի պահպանության անվան տակ, հիմա այդ անվտանգությունն էլ է հարցականի տակ: Որովհետև,- համաձայնել է պետք,- հայ մարդը սխալվել է, իսկ Սերժ Սարգսյանը՝ ոչ: Որովհետև եթե դու չգիտես, թե ինչ է նշանակում 5 հազար դրամով քվե տալ, դու Արցախի անվտանգության պահանջատերը չես, դու չհասկացար, որ 5 հազար դրամով մատաղացու դարձրեցիր քո որդուն:

Հիմա, երբ նրան հերոս ես անվանում, երբ հետմահու շքանշաններն առանց իրար հերթ տալու գտնում են իրենց «տերերին», քեզ այս իշխանությունը բանտ է առաջարկում: Նա առաջարկում է, որ դու բանտարկվես քո որդու հերոսական հիշատակի մեջ և չմտածես, որ ինքն է սպանել նրան: Ինքը քեզ ցմահ բանտարկություն է առաջարկում, այսինքն, «ամայի և անմշակ» բանտ, բոլոր բանտերից ամենաանմարդկայինը: Որովհետև որդիդ զրպարտված չէ, որդիդ մեղավոր չէ, նախահարձակ չէ, բայց չկա: Իսկ բանտում դու ես: Այն ամենաանմարդկայինն է, որովհետև քեզ՝ ծնողիդ, հետաքրքիր չէ, թե ինչ մեթոդական, խնամված սպանության զոհ է ինքը: Դու քեզ հաշիվ չես տա, որ նրա մահն սկսվում է հրադադարի 22 տարիներից, որոնց մի մասում ինքը նույնիսկ ծնված չի եղել: Դա մի բանտ է, որտեղ քեզ՝ ծնողիդ համար, դուռ, լուսամուտ և առաստաղ չկա, բայց դու այլևս այնտեղից դուրս պրծնող չես, քեզ այլևս հետաքրքիր չեն Ղարաբաղը, Հայաստանը, Ադրբեջանը, ընտրությունը, իրավունքը: Որովհետև քո հայացքը փակել են քո ընկած որդու ուղղությամբ: Այս պատերազմը զինվոր ունեցող յուրաքանչյուր ծնողի ի սկզբանե շղթայել է Ղարաբաղին, որը պաշտպանության դիմադրողականություն չունի, որովհետև աշխարհի բոլոր բանակները քիչ են մի Ղարաբաղի պաշտպանության համար, քանի որ Ղարաբաղի փայատեր լինելու քո՝ մի հատիկ ծնողիդ, բոլոր բաժնետոմսերը տվել ես նրան, ում դու չես ընտրել: Ով մինչև տարածքներ զիջելը կրակել է քեզ վրա: Այս 800 «հեկտարը» 2008-ի մարտի 1-ի հեռավոր արձագանքներն են:

Վահրամ Բաղդասարյանի ձևակերպած «ամայի և անմշակ տարածքներն» այդ 5 հազար դրամի ուղղակի արձագանքն են: Ինչու՞ չպիտի ասի: Անձամբ ես կասեի: Եթե ես զավթել եմ իշխանությունը, դրանից հետո իմ ո՞ր սխալը կարող է ավելի դատապարտելի լինել: Ավելին, ինչու՞ չպետք է սխալվեմ: Էլ ավելին, սխալ չկա, որովհետև հանցանքի իներցիան հետագա ամբողջ սխալն ազատում է այդպիսին լինելուց: Հետևաբար, Հայաստանի Հանրապետության «քաղաքացի», այդ «800 հեկտարը» Սերժ Սարգսյանը չի զիջել, դա նրա պարտությունը չէ, հաշտվիր այդ մտքի հետ, դա քո նվերն է Ադրբեջանի քո չափ նույնքան կոռումպացված «քաղաքացուն»: Վաղը դու, բացառված չէ, կրկին քո ձեռքը կվերցնես այդ «800 հեկտարը», բայց դա քո հաղթանակը չի լինի, այլ Ադրբեջանի քաղաքացու պարտությունը: Որովհետև մենք՝ հայերս և ադրբեջանցիներս, մատը մատին չենք խփում, որպեսզի իրավունքներ ունենանք այդ «800 հեկտարի» վրա: Եթե այն քաղաքացու ձեռքում լիներ, ոչ ոք դրանց համար կռիվ չէր տա, առավելևս այն չէր անվանի «ամայի և անմշակ» տարածք: Որովհետև հողն ամայի և անմշակ է լինում քաղաքացու քո իրավունքներին տեր չլինելուն զուգահեռ: Հետևաբար այն իսկապես դառնում է բուֆերային գոտի, նույնիսկ եթե այդ տարածքը գալիս և մխրճվում է Վարդենիսի կամ Տավուշի մեջ: Սերժ Սարգսյանը սա գիտի, դու՝ ՀՀ քաղաքացի, չգիտես: Որովհետև դու իշխանություն ես վաճառում Ղարաբաղի անվտանգության անվան տակ: Մինչդեռ լինել քաղաքացի, նույնն է, որ Ղարաբաղը քոնն է: Որովհետև մի ասա, թե Ղարաբաղն ամեն ինչից վեր է. պարզապես մի թույլ տուր, որ դու լինես ամենաներքևում: Որովհետև Ղարաբաղը բարձրացնողը դու ես: Արցախը փարոս չէ, եթե լույսը քո ներսում չէ:

Մեկնաբանել