Ազատ գետից Քաղցրաշեն գյուղ ջուր տանելու ծրագիրը դադարեցվում է, տեխնիկան դուրս է բերվում Ազատ գետից: Այս մասին Գառնի համայնքի բնակիչներին այսօր հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հաղորդում է Panorama.am կայքը:
Գառնեցիներն այսօր, ինչպես և ուրբաթ օրը, բողոքի ցույց էին կազմակերպել և փակել Գառնի-Երևան ավտոճանապարհը: Նրանք շարունակում էին պահանջել չեղարկել Ազատ գետի ջրերը դեպի Արարատի 12 գյուղեր խոտորելու ծրագիրը: Գառնիի բնակիչները պահանջում էին նաև, որ անձամբ վարչապետը ներկայանա ու պատասխանի իրենց հարցերին: Վարչապետը ակցիայի վայր է եկել գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանի և Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի ուղեկցությամբ:
Բնակիչների պահանջը լսելուց հետո Հովիկ Աբրահամյանն ասել է, որ Ազատ գետից Քաղցրաշեն գյուղ ջուր տանելու ծրագիրը դադարեցվում է, իսկ Գեղարդա լճի ծրագիրը պետք է քննարկեն: