«Ազգի առաջնորդ» Էմոմալի Ռահմոնը՝ Տաջիկստանի ցմահ նախագահ

Rahmon ReferendumՄայիսի 22-ին Տաջիկստանում կայացել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե: Պաշտոնապես երկրի հիմնական օրենքում կատարվում է 41 փոփոխություն, սակայն առանցքայինն այն է, որ գործող նախագահ Էմոմալի Ռահմոնը կարող է վերընտրվել անսահմանափակ անգամներ: Բացի այդ, նախագահի, պատգամավորների, ինչպես նաև Գերագույն, Սահմանադրական և Բարձրագույն տնտեսական դատարանի դատավորների թեկնածուների տարիքային շեմը նվազեցվում է 35-ից 30 տարեկանի: Տաջիկստանի նոր սահմանադրությամբ արգելվում է ազգային և կրոնական հիմքերով կուսակցությունների ստեղծումը: Գրանցված կուսակցություններին արգելվում է ֆինանսական օգնություն ստանալ արտերկրից:

Վերլուծաբանները հակված են մտածելու, որ նախագահի թեկնածուների տարիքային շեմի նվազեցումը ճանապարհ է հարթում իշխանության ժառանգականության համար: Էմոմալի Ռահմոնի որդին՝ Ռուստամ Էմոմալին, 29 տարեկան է: Հավանական է, որ նա իր թեկնածությունը կառաջադրի 2020թ. նախագահական ընտրություններում այն դեպքում, եթե հայրը որոշի հեռանալ երկրի կառավարումից:

Մայիսի 22-ին Տաջիկստանում քվեարկության ընթացքին հետևել է ավելի քան յոթ հազար տեղական և մոտ 120 միջազգային դիտորդ:

Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, ԱՊՀ-ի դիտորդները դրական են գնահատել հանրաքվեի ընթացքը՝ ընդգծելով դրա «ժողովրդավարական և բացարձակ թափանցիկ» լինելը:

«Մասնակցությունը շատ բարձր է, մարդիկ ակտիվորեն քվեարկում են, շատ բարյացակամ մթնոլորտ է: Չենք նկատել որևէ խախտումներ»,- ասել է ԱՊՀ դիտորդական առաքելության անդամներից մեկը:

Քվեարկության ընթացքում տաջիկ ընտրողներն ընդամենը պատասխանել են «այո» կամ «ոչ» 41 փոփոխությունների ընդունման մասին հարցին: Ընդ որում, նախընտրական շրջանում պետական լրատվամիջոցները հիմնականում կենտրոնացել են քվեարկությանը մասնակցելու անհրաժեշտության, այլ ոչ թե փոփոխությունների էությունը պարզաբանելու վրա:

Տաջիկստանի սահմանադրությունը բազմաթիվ անգամներ փոխվել է: Մի քանի տարի առաջ երկրի հիմնական օրենքում մտցվել է փոփոխություն, որով նախագահական ժամկետը հասցվել է չորսից յոթ տարվա: Իշխանության ընդդիմախոսները համոզված են, որ սահմանադրական փոփոխությունների հերթական շարքը միայն կխորացնի ներկայիս գործընթացները և կամրապնդի Էմոմալի Ռահմոնի անձի պաշտամունքը:

Էմոմալի Ռահմոնը՝ «ազգի առաջնորդ»

Անցյալ տարեվերջին Տաջիկստանի խորհրդարանն ընդունել է օրենք՝ «Խաղաղության և միասնության հիմնադրի և ազգի առաջնորդի մասին», որով գործող նախագահ Էմոմալի Ռահմոնը պաշտոնապես հռչակվել է տաջիկների ցմահ առաջնորդ:

Նոր օրենքով՝ Էմոմալի Ռահմոնը ձեռք է բերել անձեռնմխելիություն քրեական հետապնդումից, նրա համար ապահովվում է բնակության վայր, թոշակ և ծառայողական փոխադրամիջոց անգամ նախագահական լիազորությունները դադարեցնելուց հետո:

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել