Երևանում բացվել է մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանը

17561_bԵրևանի Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի հարակից պուրակում մայիսի 23-ին բացվել է Խորհրդային միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանը:

Արձանի քանդակագործն է Համլետ Մատինյանը, ճարտարապետը` Միքայել Միսակյանը:

Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից, բացման արարողությանը մասնակցել են Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ, Եվրոպայում ԱՄՆ ցամաքային ուժերի հրամանատար գեներալ-գնդապետ Ֆրեդերիկ Բեն Հոջեսը, ԱՄՆ Կանզաս նահանգի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի նահանգի հրամանատար գեներալ-մայոր Լի Տաֆֆանելլին և օտարերկրյա պետությունների ռազմական կցորդներ, երևանաբնակ չարդախլեցիներ (խաչիսարցիներ), «Գարդման» հայրենակցական միության անդամներ, այլ հյուրեր:

Պատվո պահակախմբի զինվորների շարային քայլերթից հետո Երևանի պատվավոր քաղաքացի, գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը և Հայաստանի շախմատային ֆեդերացիայի փոխնախագահ Հովիկ Խալիկյանը Սերժ Սարգսյանին հանձնել են խորհրդանշական նվեր. մարշալ Բաբաջանյանին պատկանող շախմատը՝ ընծայված զորավարի ժառանգների կողմից: