Թուրքիան սպառնում է սառեցնել համաձայնագրերը ԵՄ-ի հետ

EU Turkey ReportԹուրքիան կարող է սառեցնել իր բոլոր համաձայնագրերը Եվրոպական Միության հետ, եթե ԵՄ-ն շարունակի իր երկակի չափանիշները Անկարայի հետ բանակցություններում. այսօր թուրքական TRT Haber-ի եթերում հայտարարել է Թուրքիայի նախագահի տնտեսական հարցերով խորհրդական Յիղիթ Բուլութը:

Վերջինս սպառնացել է վերանայել 28 անդամ ունեցող Միության հետ հարաբերությունները, եթե Եվրոպան չկատարի իր խոստումները:

Բրյուսելի և Անկարայի միջև համաձայնությունը նախատեսում է Թուրքիային ֆինանսական լուրջ հատուցման վճարում և ԵՄ-ի հետ այցագրային ռեժիմի վերացում՝ Սիրիայից փախստականների ընդունման Անկարայի պարտավորությունների դիմաց: ԵՄ-ն Թուրքիայից պահանջում է փոխել իր հակաահաբեկչական օրենսդրությունը, սակայն Անկարան հայտարարում է, որ արդեն կատարել է Միության պայմանները այցագրային ռեժիմի վերացման համար և օրենքները վերանայելու մտադրություն չունի:

«Թող շարունակեն երկակի չափանիշները, շարունակեն չկատարել իրենց խոստումները Թուրքիայի քաղաքացիներին, սակայն պետք է իմանան, որ եթե պահպանեն այդ կեցվածքը, Թուրքիան շատ շուտով արմատական լուծումների կգնա»,- ասել է Բուլութը:  

Անկարայի և Բրյուսելի պայմանավորվածությունը վտանգում է նաև Ահմեդ Դավութօղլուի հրաժարականը: ԵՄ կառույցներում հայտարարել են, որ պահուստային պլան են դիտարկում այն դեպքում, եթե Թուրքիան հրաժարվի կատարել սիրիացի փախստականների ընդունման իր պարտավորությունները:

Ինչ վերաբերում է Թուրքիայի՝ Միությանը միանալու հեռանկարին, ապա այս հարցում հոռետեսական կանխատեսում է արել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:

«Թուրքիան զարգացման այս տեմպերով Եվրամիությանը կանդամակցի միայն 3000թ.»,- ասել է Քեմերոնը:

***

Թուրքիան ԵՄ-ի հետ անդամակցության բանակցությունները սկսել է 2005-ին, մինչդեռ ԵՄ-ին անդամակցելու դիմում է ներկայացրել 1987թ.: Քաղաքական մի շարք խոչընդոտներ, մասնավորապես, Կիպրոսի հարցը և Թուրքիայի անդամակցությանն ընդդիմացող Գերմանիայի և Ֆրանսիայի բացասական դիրքորոշումը, արգելակել են բանակցային գործընթացը: