Հայաստանն անելու է առավելագույնը` կյանքի կոչելու Վիեննայի համաձայնությունները. Նալբանդյան

Eastern Partnership NalbandyanՀայաստանը համանախագահ երկրների հետ միասին անելու է առավելագույնը` կյանքի կոչելու Վիեննայում ձեռք բերված համաձայնությունները և շարունակելու ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանն ուղղված ջանքերը. այսպիսի հայտարարություն է արել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Եվրոպական միության և Արևելյան գործընկերության արտգործնախարարների 7-րդ հանդիպմանը:

«Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև անցյալ շաբաթ կայացած հանդիպումը արդյունավետ էր՝ հստակ համաձայնություններով և հանձնառություններով, ներառյալ՝ 1994-1995թթ. զինադադարի համաձայնագրերի անվերապահ իրականացումը, հետաքննության մեխանիզմի ստեղծումը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացումը»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը:

«Ցավոք, հանդիպումից ընդամենը օրեր անց ադրբեջանական պաշտոնյաները դրա արդյունքը կասկածի տակ դնող ապարդյուն փորձեր են կատարում` ներկայացնելով իրենց սեփական խեղաթյուրված մեկնաբանությունները, որոնք հակասում են հանդիպման արդյունքների վերաբերյալ համանախագահ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից արված համատեղ հայտարարությանը: Բաքուն շինծու մեղադրանքներով փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը ադրբեջանական զինուժի կողմից գործած հանցագործություններից, Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումների աղաղակող փաստերից»,- նշել է ՀՀ արտգործնախարարը:

Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է 2015թ. մայիսին Ռիգայում Արևելյան գործընկերության գագաթաժողովին, որը, նրա խոսքով, վերահաստատեց լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերին` հիմնված Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների կողմից 2009թ. ի վեր ընդունված հինգ հայտարարությունների վրա:

«Մեզնից շատերն են հիշում, թե ինչպես Ադրբեջանը փորձեց արգելափակել Ռիգայի գագաթաժողովի հռչակագրի ընդունումը, այս հայտարարություններին արվող հղման պատճառով։ Միայն այս փաստն արդեն իսկ բացահայտ ցույց է տալիս Ադրբեջանի վերաբերմունքը խաղաղ գործընթացի նկատմամբ և արհամարանքը՝ միջնորդ պետությունների՝ միջազգային հանրության անունից արված առաջարկությունների հանդեպ»,- նկատել է ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը:

***

Մայիսի 16-ի ուշ երեկոյան Վիեննայում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևիհանդիպումը, որին մասնակցել են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրը: ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդագրության համաձայն` համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդել են 1994թ. զինադադարի և 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

Հանդիպումից հետո համանախագահ երկրների նախարարները հայտարարություն են տարածել՝ ընդգծելով, որ ԼՂ խնդիրը չունի ռազմական լուծում:

Մեկնաբանել