Սամվել Բաբայանը վերադարձել է Հայաստան

Samvel BabayanԱրցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը մայիսի 23-ին վերադարձել է Հայաստան: Այս մասին հաղորդում է «Սամվել Բաբայան. վերադարձ» քաղաքացիական նախաձեռնությունը: Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը վերջին տարիներին բնակվում էր Մոսկվայում:

Բաբայանի` Հայաստան գալու և քաղաքականություն վերադառնալու մտադրության մասին լուրեր էին շրջանառվում 2015թ.՝ Լեռնային Ղարաբաղում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: Ակնկալվում էր, որ նա աջակցություն է ցուցաբերելու Արցախի ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցությանը: Ակնկալվում էր նաև, որ նա աջակցելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության այն ժամանակվա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ իշխանությունների դեմ սկսած պայքարին:

Սամվել Բաբայանի վերադարձի մասին կրկին սկսեցին խոսել ապրիլյան Քառօրյա պատերազմի օրերին, նրա վերադարձի պահանջով կազմակերպվեց ստորագարահավաք:

Ապրիլին հրապարակվեց նաև 2013թ. Սամվել Բաբայանի՝ Սերժ Սարգսյանին ուղղված նամակը՝ կապված բանակի սպառազինությունների և խնդիրների հետ: Նամակում Բաբայանը Սարգսյանին ցույց էր տալիս հայկական բանակի թույլ տեղերը և հուշում, թե ինչ պետք է անել հնարավոր պատերազմին պատրաստվելու համար:

Մեկնաբանել