Ալիևի արտաբերած ստերը չունեն որևէ կապ իրականության հետ. փոխարտգործնախարար

19th session of the Human Rights Council«Ադրբեջանի զինված ուժերի կողմից վերջերս իրականացված զարհուրելի բարբարոսությունը, ներառյալ քաղաքացիական բնակչության` հատկապես երեխաների, կանանց և տարեցների, ինչպես նաև քաղաքացիական հաստատությունների` ներառյալ դպրոցների ու մանկապարտեզների, դիտավորյալ ու համատարած թիրախավորումը, սպանությունները, գլխատումները, խոշտանգումները ու զոհերի մարմինների անդամահատումներն անհամատեղելի են քաղաքակիրթ աշխարհի տարրական նորմերի հետ». այսպիսի հայտարարություն է արել ՀՀ արտգործնախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը` ելույթ ունենալով Ստամբուլում Համաշխարհային մարդասիրական գագաթաժողովի լիագումար նիստում:

«Այս ամենն արդյունք են հայերի հանդեպ ռասիզմի, անհանդուրժողականության ու ատելության խրախուսման երկարատև քաղաքականության, որն իրականացվում է ուղղակիորեն Ադրբեջանի իշխանությունների կողմից թողտվության պայմաններում: Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ ու կանոնավոր խախտումները և բարձրագույն քաղաքական մակարդակով` հանցագործություններում անմիջականորեն ներգրավված անձանց փառաբանումն ինքնին հանդիսանում են մարդկության դեմ կատարված և պատերազմական հանցագործություններ»,- ասել է ՀՀ փոխարտգործնախարարը:

Անդրադառնալով նախորդ օրը գագաթաժողովում Ադրբեջանի նախագահի ելույթին, Աշոտ Հովակիմյանը շեշտել է, որ «Ադրբեջանի նախագահը, ով կրում է անձնական պատասխանատվություն ագրեսիան նախաձեռնելու, ահաբեկիչներին և ԻԼԻՊ-ի (Իսլամական պետություն – խմբ.) ոճով բարբարոսությունների իրականացնողներին փառաբանելու գործում, երեկ այս բարձր ամբիոնից տարածում էր հորինված մեղադրանքներ հայերի հանդեպ»: «Նրա արտաբերած ստերը չունեն որևէ կապ իրականության հետ: Հայաստանը միանշանակ չունի միջուկային ռումբ ստեղծելու ծրագրեր, և իհարկե Հայաստանի զինված ուժերը երբևէ չեն կիրառել քիմիական զենք: Հաշվի առնելով, թե Ադրբեջանի նախագահը որքան հաճույք է ստանում, մեջբերելով Հայաստանի նախկին պաշտոնյաների խոսքերը, վստահաբար ավելի լավ կլիներ, եթե նա հղում կատարեր իր նախորդներից մեկին, ով մեղադրում էր Ադրբեջանի այդ ժամանակվա քաղաքական ղեկավարությանն` իր իսկ սեփական ժողովրդին Խոջալուում կոտորելու համար»,- ասել է նա:

***

Համաշխարհային մարդասիրական գագաթաժողովը Ստամբուլում անցկացվել է մայիսի 23-24-ին: Մարդկության առջև ներկայում ծառացած մարդասիրական խնդիրներին և դրանց հաղթահարման ուղիների որոնմանը նվիրված գագաթաժողովը կազմակերպվել էր ՄԱԿ-ի կողմից և առաջինն էր իր տեսակի մեջ:

Մայիսի 23-ին ելույթ ունենալով գագաթաժողովին` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել էր, թե «ինֆորմացիա կա, որ Հայաստանն օգտագործում է Մեծամորի ատոմակայանի ռադիոակտիվ թափոնները»։

Վկայակոչելով Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին, թե Հայաստանը միջուկային զենք ունի, Ալիևն ասել էր, որ «Հայաստանի միջուկային սպառնալիքները և շանտաժը պետք է կանգնեցվեն»։

Մեկնաբանել