Սաակաշվիլին հայտարարել է Վրաստան վերադառնալու իր մտադրության մասին

Saakashvili InterviewՎրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է Վրաստան վերադառնալու և քաղաքական գործընթացներում ակտիվորեն ներգրավվելու իր մտադրության մասին:

«Թող ոչ ոք չկասկածի և դա չընկալի որպես սպառնալիք. դա բնական է, ես մտադիր եմ վերադառնալ Վրաստան և ներգրավվել գործընթացներում»,- «Ռուսթավի» հեռուստաալիքի եթերում ասել է Սաակաշվիլին՝ չհստակեցնելով իր վերադարձի ժամկետները: Նա ազդարարել է «Միասնական ազգային շարժում» իր կուսակցությունում նոր դեմքերի ի հայտ գալը՝ տեղեկացնելով, որ «ոմանց հետ ակտիվ խորհրդակցություններ են ընթանում»:

«Եվս մի քանիսի հետ բանակցություններ ենք վարում, որպեսզի նրանք միանան նոր ցանկին: Առաջիկա ամիսներին Վրաստանում ձևավորելու ենք նոր քաղաքական վերնախավ, որը հագեցած կլինի նոր հետաքրքիր մարդկանցով»,- պատմել է Վրաստանի նախկին նախագահը:

«Ռուսթավիի» եթերում Սաակաշվիլին խոսել է նաև Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի մասին՝ նրան համեմատելով Աջարիայի նախկին ղեկավար Ասլան Աբաշիձեի հետ: Իվանիշվիլին, Սաակաշվիլիի բնորոշմամբ, Աբաշիձեի պես «ռուսամետ, օլիգարխիկ տարր է և դասական ֆեոդալ, որը հենվում է քարոզիչների և բնակչության ծախված հատվածի վրա»:

Միխեիլ Սաակաշվիլին նկատել է, որ Իվանիշվիլին «ճիշտ Աբաշիձեի և Էդուարդ Շեվարդնաձեի պես չի ցանկանում հեռանալ իշխանությունից», սակայն խորհրդարանական ընտրություններին «նա ստիպված կլինի» իշխանությունը փոխանցել «Ազգային շարժմանը»: Սաակաշվիլին շեշտել է, որ հոկտեմբերին իրենք  ժողովրդի ընտրությունը պաշտպանելու են այնպես, ինչպես 2004թ. Աջարիայում:

***

Վրաստանի խորհրդարանական ընտրությունները նշանակվել են 2016թ. հոկտեմբերի 8-ին:

Վրաստանի օրենսդիրներն ընտրվում են չորս տարի ժամկետով: 2012թ. կայացած ընտրությունները հանգեցրին Վրաստանում իշխանափոխության. վրաց գործարար Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» ընդդիմադիր դաշինքը այն ժամանակ ստացավ խորհրդարանական տեղերի մեծամասնությունը՝ առաջ անցնելով Սաակաշվիլիի «Միասնական ազգային շարժումից» :

Իշխող դաշինքի մեջ մտնող Վրաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարել է, որ առաջիկա ընտրություններին ինքնուրույն է մասնակցելու: Իվանիշվիլիի հիմանդրած «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը, որը խոշորագույնն է դաշինքում, նույնպես մտադիր է ինքնուրույն հանդես գալ հոկտեմբերյան ընտրություններին: