Ադրբեջանի իշխանությունները ստիպում են դիմել քայլերի. Մակքեյնը՝ Իսմայիլովայի գործի մասին

Maccain AzerbaijanԱմերիկացի սենատոր, հանրապետական Ջոն Մակքեյնը «Ամերիկայի ձայնի» ադրբեջանական ծառայությանը տված հարզացրույցում Բաքվին կոչ է արել ազատ արձակել ազատազրկված լրագրող Խադիջա Իսմայիլովային՝ հակառակ պարագայում սպառնալով քայլեր ձեռնարկել Ադրբեջանի իշխանությունների դեմ:

Պատասխանելով հարցին, թե ինչ է նրա համար նշանակում լրագրողի ազատազրկումը, սենատորն ասել է, որ Խադիջայի դեպքը դուրս է գալիս մեկ անձի շրջանակներից և ընդգրկում է հարցերի շատ ավելի լայն շրջանակ:

«Խոսքը գնում է խիզախ կնոջ կողմից կոռուպցիայի մերկացման մասին: Ձերբակալելով Խադիջային՝ կառավարությունը պայքարում է ժողովրդավարության և խոսքի ազատության դեմ, ցույց տալով բոլորին, թե ինչ է սպառնում նման գործունեության համար: Այսպիսով՝ սա ոչ միայն Խադիջայի պատմությունն է, այլ բարեփոխումների անհրաժեշտության վկայություն»,- նշել է Մակքեյնը:

ԱՄՆ-ի Կոնգրեսում քննարկվում է «Գլոբալ Մագնիտսկի» օրինագիծը, որն ուղղված է ամբողջ աշխարհում մարդու իրավունքները խախտող պաշտոնատար անձնանց դեմ, և Մակքեյնը մեկն է նրանցից, ովքեր սատարում են այդ փաստաթղթի ընդունմանը:

«Եթե իշխանությունները շարունակեն խախտել մարդու իրավունքները, պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կառավարության դեմ: Մագնիտսկու օրենքը վախեցրել է աշխարհի բոլոր բռնապետներին: Իհարկե, մենք պետք է լրջորեն դիտարկենք այդ տարբերակը, սակայն հուսով եմ՝ նախքան մենք կհասնենք դրան Խադիջան ազատ կարձակվի»,- ասել է սենատորը՝ նշելով, որ Խադիջայի հետագա ազատազրկումը անկասկած բացասաբար կանդրադառնա Ադրբեջանի և ԱՄՆ-ի երկկողմ հարաբերությունների վրա:

***

2015թ. սեպտեմբերին ադրբեջանցի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան դատապարտվել է յոթ ու կես տարվա ազատազրկման՝ մեղադրանքներով, որոնք համարվում են շինծու: Իսմայիլովան հայտնի է իր հետաքննական զեկույցներով, որոնք բացահայտում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի անդամների կոռուպցիոն մեխանիզմները:

Տարեսկզբին միջազգային կարգի իրավապաշտպան Ամալ Քլունին առաջարկել է պաշտպանել Խադիջա Իսմայիլովայի շահերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: