Իրանը Ադրբեջանի և Վրաստանի տարածքով տարանցիկ ուղի է նախագծում դեպի ԵՄ

Iran Transit Route EUԻրանցի պաշտոնյաները հայտարարել են, որ Թեհրանը դեպի Եվրոպա տարանցիկ ուղու նախագիծ է մշակում, որը կանցնի մի շարք երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի, Վրաստանի տարածքով:

Իրանի պետական երկաթուղային ընկերության ներկայացուցիչ Հասան Աշուրին հայտարարել է, որ նախատեսվող տարանցիկ ուղին կմեկնարկի Բանդար Աբաս հարավային նավահանգստից, որը, ինչպես գրում է ISNA գործակալությունը, հատուկ ստեղծվել է Արևմուտք հասնելու համար Թուրքիան շրջանցելու նպատակով:

Պաշտոնյայի տեղեկացմամբ՝ ուղին, որը ներառելու է երկաթուղային և ավտոճանապարհային հանգույցներ, հատելով Իրանի սահմանը՝ ձգվելու է դեպի Ադրբեջան, ապա՝ Վրաստան: Երեք երկրների միջև պայմանավորվածությունն արդեն կայացված է:

Վրաստանում այն կհասնի Բաթումի և Փոթի նավահանգիստներ, որտեղից բեռները ծովային ճանապարհով կփոխադրվեն Բուլղարիա և Ռումինիա, ապա՝ Եվրոպայի մյուս երկրներ:

Իրանական երկաթուղիների ներկայացուցչի խոսքով՝ նախագծի մի հատված կարող է հասնել մինչև Մոսկվա, ապա՝ Ֆինլանդիա: Հասան Աշուրին ասել է, որ Ռուսաստանի և Վրաստանի երկաթուղային ընկերությունների հետ համաձայնագիրն արդեն ստորագրվել է:

Առևտրային նոր ուղիով, ըստ Աշուրիի, անգամ հնարավոր է ապրանքներ տեղափոխել Մումբայիից դեպի Եվրոպա՝ շրջանցելով Թուրքիան:

***

2016թ. փետրվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Թեհրան կատարած այցի ժամանակ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ մինչև տարեվերջ Իրանի և Ադրբեջանի երկաթգծերը կմիանան:

«Մինչև տարեվերջ Ադրբեջանի հարավն ու Իրանի հյուսիսը կապող երկաթուղային կամրջի (Հյուսիս-Հարավ) նախագծի նշանակալի առաջընթացի ականատեսը կլինենք»,- ասել էր Ռոհանին:

«Հյուսիս-Հարավ» երկաթուղին կկապի Հյուսիսային Եվրոպան Հարավարևելյան Ասիայի հետ: Այն կծառայի որպես կապող օղակ Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի երկաթուղիների համար:

Նախնական գնահատականներով՝ երկաթուղու թողունակությունը կկազմի տարեկան 1,4 մլն ուղևոր և մինչև 5-7 մլն տոննա բեռ: Երկաթուղու շրջանակում կկառուցվի 22 թունել և 16 կամուրջ:

Մեկնաբանել