Սպառնալիքը լավագույն դիվանագիտական գործիքը չէ. Բրյուսելը հակադարձում է Անկարային

Jean-Claude JunckerԹուրքիան պետք է կատարի Եվրամիության հետ փասխատականների հոսքի վերաբերյալ համաձայնության իր մասը. մայիսի 26-ին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը՝ նախազգուշացնելով, որ Միության հասցեին Անկարայի սպառնալիքները «արդյունք չեն ունենա»:

Յունկերը կոչ է արել Թուրքիային մեղմացնել հակաահաբեկչական խիստ օրենսդրությունը, եթե նա ցանկանում է իր քաղաքացիների համար առանց այցագրի ռեժիմ ունենալ:

«Մենք ակնկալում ենք, որ Թուրքիան հավատարիմ կմնա իր հանձնառություններին, իսկ սպառնալիքը լավագույն դիվանագիտական գործիքը չէ»,- Եվրահանձնաժողովի կայքի փոխանցմամբ՝ ասել է ԵՄ պաշտոնյան՝ շեշտելով, որ պետք է դադարեցնել դրանց կիրառումը, քանի որ դրանք «բացարձակ արդյունավետ չեն»:

Ժան Կլոդ Յունկերի այս հայտարարությունը հետևել է մայիսի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնչեցրած սպառնալիքին, որ երկրի խորհրդարանը հավանություն չի տա ԵՄ-ի հետ միգրացիոն համաձայնությանը, եթե Թուրքիայի քաղաքացիների համար չսահմանվի անայցագիր ռեժիմ:

«Եթե դա (այցագրային ռեժիմի վերացումը) տեղի չունենա…, Թուրքիայի Հանրապետության խորհրդարանում ոչ մի օրենք, ոչ մի որոշում չի կայացվի ռեադմիսիայի համաձայնագրի շրջանակում,- Ստամբուլում Համաշխարհային մարդասիրական գագաթաժողովին հայտարարել է Էրդողանը: – Մեր ԱԳՆ-ն, մեր ԵՄ-ի հետ կապերի նախարարությունը քննարկումներ կունենան եվրոպացիների հետ: Եթե լինի արդյունք, շատ լավ, եթե ոչ՝ ուրեմն ցավում եմ»:

Էրդողանը իր վրդովմունքն է հայտնել նաև այն առթիվ, որ ԵՄ-ն մտահոգվում է Թուրքիային համաձայնության շրջանակում երեք մլրդ եվրո տրամադրելու հարցում:

Ավելի վաղ ԵՄ-ի հետ բոլոր համաձայնագրերը սառեցնելու սպառնալիքով հանդես էր եկել Թուրքիայի նախագահի տնտեսական հարցերով խորհրդական Յիղիթ Բուլութը:

«Թող շարունակեն երկակի չափանիշները, շարունակեն չկատարել իրենց խոստումները Թուրքիայի քաղաքացիներին, սակայն պետք է իմանան, որ եթե պահպանեն այդ կեցվածքը, Թուրքիան շատ շուտով արմատական լուծումների կգնա»,- ասել էր Բուլութը:

***

Բրյուսելի և Անկարայի միջև համաձայնությունը նախատեսում է Թուրքիային ֆինանսական լուրջ հատուցման վճարում և ԵՄ-ի հետ այցագրային ռեժիմի վերացում՝ Սիրիայից փախստականների ընդունման Անկարայի պարտավորությունների դիմաց: ԵՄ-ն Թուրքիայից պահանջում է փոխել իր հակաահաբեկչական օրենսդրությունը, սակայն Անկարան հայտարարում է, որ արդեն կատարել է Միության պայմանները այցագրային ռեժիմի վերացման համար և օրենքները վերանայելու մտադրություն չունի:

Մեկնաբանել