Վարչապետը հանձնարարել է ապահովել գնումների ավելի թափանցիկ գործընթաց

12482_am_1Կառավարությունը պետք է ապահովի գնումների ավելի թափանցիկ գործընթաց. գործադիրի մայիսի 26-ի նիստին այսպիսի հայտարարություն է արել վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, գնումների գործընթացում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով վարչապետը ֆինանսների նախարարությանը հանձնարարել է առավել բարելավել թափանցիկությունն այդ գործընթացի տարբեր փուլերում` հնարավորություն ընձեռելով յուրաքանչյուր հետաքրքրվող անձի, էլեկտրոնային գնումների կայքէջում տեսնել՝ գնումների գործընթացների արդյունքում կնքված բոլոր պայմանագրերը, ինչպես նաև կնքված պայմանագրերի կատարման արդյունքները (ընդունման-հանձնման ակտեր, կատարողական ակտեր, հաշիվ ապրանքագրեր և այլն):

Աբրահամյանը նշել է, որ ֆինանսների նախարարության Պետական գնումների պաշտոնական կայքէջի հաշվետվությունների բաժնում ամսական կտրվածքով տեղադրվում է մանրամասն տեղեկատվություն նախորդ ժամանակահատվածում առավել հաճախակի կատարված գնումների վերաբերյալ, օրինակ` վառելիք, գրասենյակային կամ տնտեսական նյութեր և այլն:

«Նշված հաշվետվություններում ներկայացվում են տվյալ ապրանքի գծով տվյալ ամսվա ընթացքում ձևավորված նվազագույն և առավելագույն գները, հաղթողների առաջարկած միջին գները, այդ գների միջև ստանդարտ շեղումը և այլն, ինչպես նաև կարելի է տեսնել ըստ պատվիրատուների` առանձին գնման ժամանակ ստացված նվազագույն և առավելագույն գները ու հաղթողի առաջարկած գինը:

Այս կտրվածքով բացահայտված տեղեկատվությունը լավ հիմք է գնումների գործընթացի նկատմամբ հանրային վերահսկողության իրականացման համար, սակայն չպետք է սահմանափակվել այսքանով»,- ասել է նա:

Հովիկ Աբրահամյանը ֆինանսների նախարարությանը հանձնարարել է նաև մշակել ծրագրային լուծում, որը հնարավություն կընձեռի յուրաքանչյուրին էլեկտրոնային գնումների կայքէջում, ընտրելով հետաքրքրող պարամետրերը, ինքնուրույն ձևավորել հաշվետություններ: