Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 26-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:
Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, զրուցակիցները քննարկել են Վիեննայում մայիսի 16-ին կայացած գագաթաժողովին ձեռք բերված պայմանավորվածությունների, մասնավորապես՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի և նրա թիմի կարողությունների ավելացման վերաբերյալ համաձայնության իրականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
Հանդիպմանը Կասպշկիկը Նալբանդյանին է ներկայացրել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև շփման գծում անցկացված դիտարկման մանրամասները:
***
Մայիսի 16-ին Վիեննայում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, որին մասնակցել էին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրը: ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդագրության համաձայն` համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդել են 1994թ. զինադադարի և 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:
Հանդիպումից հետո համանախագահ երկրների նախարարները հայտարարություն են տարածել՝ ընդգծելով, որ ԼՂ խնդիրը չունի ռազմական լուծում: