«Կոբալտ-2016»-ը համարվել է ամենահաջող զորավարժություններից. Բորդյուժա

Cobalt Sargsyan BordyuzhaՀՀ նախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն մայիսի 26-ին ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Վերջինս Հայաստան է ժամանել ՀԱՊԿ անդամ պետությունների ներքին գործերի նախարարությունների (ոստիկանության) ղեկավարների խորհրդակցության և մայիսի 24-ից 26-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվող «Կոբալտ-2016» մարտավարամասնագիտական զորավարժության շրջանակներում:

Ինչպես հաղորդում է նախագահականի մամուլի ծառայությունը, Սերժ Սարգսյանը կարևորել է միջոցառումների անցկացումը և հույս հատնել, որ «Կոբալտ-2016» զորավարժության շրջանակում օպերատիվ-տեխնիկական խնդիրների հաջող իրականացումը թույլ կտա առաջընթաց արձանագրել միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության հակազդեցության, Արագ արձագանքման հավաքական ուժերի հակաահաբեկչական ներուժի ամրապնդման ուղղությամբ ՀԱՊԿ անդամ պետությունների ջանքերի համակարգման կատարելագործման հարցում:

Նիկոլայ Բորդյուժան ՀՀ նախագահին զեկուցել է Երևանում անցկացված միջոցառումների մասին, ընդգծելով, որ մասնակից բոլոր երկրների ներկայացուցիչների կողմից դրանք բարձր են գնահատվել, իսկ զորավարժությունը համարվել է անցկացված ամենահաջող զորավարժություններից մեկը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթություններին, ինչպես նաև միջազգային այլ կազմակերպությունների հետ ՀԱՊԿ համագործակցությանը վերաբերող հարցերի:

Ստորև՝ տեսանյութ զորավարժություններից: