Թբիլիսիի հետ քաղաքական տարաձայնությունները կհարթեն «էներգիան և սերը». ՌԴ ԱԳՆ

Zakharova GeorgiaՌուսաստանի և Վրաստանի հարաբերությունների հիմքում ընկած էներգիան և սերը թույլ կտան հաղթահարել քաղաքական տարաձայնություններն ու թևակոխել նոր փուլ. մայիսի 26-ի ճեպազրույցի ժամանակ ռուս-վրացական հարաբերությունների ներկայիս դրությունն այսպես է մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ-ի խոսնակ Մարիա Զախարովան:

«Իսկապես, մեր երկկողմ հարաբերություններում եղել են տարբեր փուլեր: Եղել են սերտ կապերի և չլուծված խնդիրների տարիներ: Ցավոք, այսօր երկու երկրների համար դիվանագիտական հարաբերությունների բացակայության փուլ է: Ընդ որում, բոլորը գիտեն և հասկանում են, որ երկու ժողովուրդների շփումը երբեք չի խզվել: Մենք ելնում ենք նրանից, որ էներգիան և սերը, որոնք ընկած են Ռուսաստանի և Վրաստանի ժողովուրդների հարաբերությունների հիմքում, թույլ կտան հաղթահարել քաղաքական տարաձայնություններն ու թևակոխել նոր փուլ»,- ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ ասել է Զախարովան:

***

Մայիսի 26-ին Վրաստանը նշել է անկախության 25-րդ տարելիցը: Անկախության տոնի կապակցությամբ իր ելույթում Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին հայտարարել է, որ ամեն տարի՝ մայիսի 26-ին, վրաց ժողովուրդը միաձայն «ասելու է «Ո՛չ» բռնագրավմանը»:

«Ո՛չ քարոզչությանը, դատարկ կարոտախտին, ագրեսիային և ծայրաստիճան ողբերգական անցյալին»,- հայտարարել է Խիդաշելին:

Մայիսի 8-ին՝ Հայրենական պատերազմում հաղթանակի օրվա նախօրեին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ձեռնպահ է մնացել պաշտոնական Թբիլիսին շնորհավորելուց՝ շնորհավորանքներ հղելով միայն վրաց ժողովրդին:

Մոսկվայի և Թբիլիսիի դիվանագիտական հարաբերությունները խզվել են 2008թ. օգոստոսին տեղի ունեցած ռուս-վրացական հնգօրյա պատերազմից հետո:

Մեկնաբանել