Ռուսաստանը չի կարող ԼՂ հարցը լուծել 15 րոպեում. Բաքվում ՌԴ դեսպան

Ambassador Baku DorokhinՆա, ով պնդում է, որ Ռուսաստանը կարող է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը 15 կամ 20 րոպեում, սխալվում է. մայիսի 27 -ին ադրբեջանցի համալսարանականների հետ հանդիպմանը հայտարարել է Բաքվում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը:

«Հակամարտությունը պետք է կարգավորեն բուն Ադրբեջանն ու Հայաստանը: Նա, ով ասում է, որ Ռուսաստանը կարող է լուծել խնդիրը 15 կամ 20 րոպեում, սխալվում է: Ռուսաստանը կարող է միայն միջնորդ լինլ: Անհնար է ցանկալի արդյունքի հասնել՝ ճնշելով կողմերից մեկին: Հիմքում պետք է լինի վստահությունը, որը կարող են ստեղծել միայն երկու երկրները»,- Դորոխինի խոսքը մեջբերում է Ադրբեջանում ՌԴ դեսպանության կայքը:

Վլադիմիր Դորոխինի խոսքով՝ ապրիլի սկզբի իրադարձությունները ցույց տվեցին, թե որքան վտանգավոր է պահպանվող դրությունը:

«Մեկ անգամ ևս բացարձակապես ակնհայտ դարձավ, որ ողջամիտ լուծումը մեկն է՝ խաղաղը: Հակամարտության կողմերն ու միջազգային հանրությունը դրանից պետք է ճիշտ եզրահանգումներ անեն: Ռուսաստանը նույնպես կանի եզրահանգումներ և կխթանի միջնորդական ջանքերը»,- ասել է դեսպանը:

Պատասխանելով Ադրբեջանի և Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունների մասին հարցին՝ Դորոխինը կրկնել է Կրեմլի պաշտոնական թեզն այն մասին, որ Մոսկվայի համար կարևոր են հարաբերությունները թե՛ Բաքվի, թե՛ Երևանի հետ: Դեսպանը շեշտել է, որ մեծ նշանակություն ունեն քաղաքականությունն ու տնտեսությունը:

«Հայաստանը որոշել է դառնալ Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակիցը, մեր երկրի հետ հաստատել է խոր տնտեսական ինտեգրում: Ադրբեջանն ընտրել է այլ՝ առանց ռազմաքաղաքական և տնտեսական պարտավորությունների գործընկերոջ մոդել»,- պարզաբանել է Բաքվում Ռուսաստանի դեսպանը: