Այսպես ծնվեց Հայաստանի Հանրապետությունը. 1918-ի մայիս

13281702_1141933235837220_503795099_n1918-ի մայիսը, թվում էր, իր պատմական հայրենիքում հայ ժողովրդի գոյության վերջին ամիսն է: Oսմանյան զորամասերը` անցնելով Ախուրյանն ու Արաքսը, հարձակվում էին Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի և Սարդարապատի ուղղությամբ: Ոտքի էին ելել նաև Երևանի նահանգի մահմեդականները` թուրքերը, թաթարները, քրդերը: 1918-ի մայիսին Արարատյան բարեբեր դաշտը բոլոր կողմերից շրջապատվել էր թշնամիներով:

Կարինի ու Սարիղամիշի, Կարսի ու Ալեքսանդրապոլի անկումը, թուրքերի հարձակումը դեպի Արարատյան դաշտավայր Երևանում առաջ էր բերել անասելի իրարանցում ու սարսափ, գրում է Սիմոն Վրացյանը: Դիմադրությունը շատերին թվում էր անհնար ու անիմաստ: Բայց ո՞ւր փախչել: Ճանապարը դեպի Վրաստան փակ էր, Պարսկաստան տանող երկաթուղին չէր գործում, Շարուր-Նախիջևանը մահմեդականների ձեռքում էր: Բաց էին միայն արևմուտքից ու հյուսիսից եկող ճանապարհները, որտեղով սակայն գալիս էին թուրքական զորքերը` գրավելով հայկական բնակավայրերն ու կոտորելով բնակիչներին:

Հայկական կորպուսի հրամանատարությունը նախընտրում էր Երևանը առանց կռվի թողնել թուրքերին և պաշտպանություն կազմակերպել Սևանա լճի ափին: Երևանի նահանգի ղեկավարությունը Արամ Մանուկյանի ու զորահրամանատար Դրաստամատ Կանայանի՝ Դրոյի գլխավորությամբ, հայ ժողովրդի այս ամենատագնապալի պահին այլ որոշում կայացրին. թուրքերի առաջընթացը կանխել Արարատյան դաշտավայրում: Արամ Մանուկյանի դիմումը երևանցիներին շատ կարճ էր, պարզ ու հասկանալի. «Մենակ ենք ու պիտի ապավինենք միայն մեր ուժերին»:

Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Հինգերորդ Սուրենյանցը դիմում է հայ ժողովրդին. «Թուրքը` մեր արնախում ոսոխը, նվաճել է Ալեքսանդրապոլը, շարժվում է դեպի սիրտը մեր երկրի, մեր հավատի` մեր կենսագրության, գալիս է Էջմիածնի վրա: Մեր զորապետերը Ամենայն Հայոց կաթողիկոսին առաջարկում են ոսոխի բերնին թողնել Մայր Աթոռ Էջմիածինը, մեր սրբարանները, հայ ժողովուրդը և ապաստանել Բյուրականում: Ո’չ և ո’չ, հազար անգամ ո’չ, ես չե’մ լքի մեր սուրբ նախնիների ավանդած Մայր Աթոռը, ես չեմ հեռանա Հայոց առաքելական օջախից: Եթե հայոց զինվորությունն ինքը, հայ ժողովուրդը չեն կարողանա թշնամու առաջխաղացումը կասեցնել, եթե ի զորու չեն փրկելու մեր սրբությունները, ապա թող ես նահատակվեմ հենց այստեղ, շեմի վրա Մայր Աթոռի, որ գահակալի պատիվը ունեմ մեր սուրբ նախնիների արդար բարեխոսությամբ և Աստծո ողորմածությամբ»:

Երևանյան զորամասի հրամանատար, զորավար Մովսես Սիլիկյանը հատուկ կոչով հորդորում է ամեն մի հայ տղամարդու՝ հանուն հայրենիքի փրկության և իր կնոջ ու աղջիկների պատվի պաշտպանության, գործի դնել իր վերջին ճիգը` հարվածելու թշնամուն, որն ուզում է ստրկացնել ու ոչնչացնել բազմաչարչար հայ ազգը:

Թուրքերի հարձակումը դեպի Արարատյան դաշտավայր տեղի էր ունեցել հետևյալ պայմաններում: Հայկական հողերը բաժանված էին Ցարական Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև, երբ 1917-ի փետրվարին Ռուսական կայսրությունում հեղափոխությունը գահընկեց էր արել Նիկոլայ Երկրորդ ցարին և վերջ դրել Ռոմանովների 300-ամյա հարստությանը:

Բոլշևիկյան կառավարության հրահանգով` մինչև 1917-ի վերջերը, պետք է ամբողջությամբ դատարկվեր կովկասյան ռազմաճակատը: Ռուսական զորքերը, թողնելով ռազմական գույքի վիթխարի պահեստներ, սկսեցին լքել Արևմտյան Հայաստանը և վերադառնալ տուն: Արդեն 1918-ի հունվարի վերջերին կովկասյան ճակատը հիմնականում դատարկված էր ռուսական զորքերից:

Մինչ Բրեստ-Լիտովսկում շարունակվում էին բանակցությունները ռուս բոլշևիկների ու գերմանացիների միջև, թուրքական ուժերը՝ խախտելով 1917-ի դեկտեմբերի Երզնկայի համաձայնագիրը, գրոհի էին անցել: Վեհիբ փաշան իր հարձակումը արդարացրել էր նրանով, թե ինքը այդ քայլին դիմում է մահմեդականների կյանքը հայերի գրոհներից փրկելու նպատակով: Մի քանի օրվա կատաղի կռիվներից հետո հայկական զորքերը դատարկեցին Երզնկան և հայ բնակչության հետ նահանջեցին դեպի Կարին, որտեղ բերդի պաշտպանության հրամանատար նշանակվեց զորավար Անդրանիկը: 13292918_1141932385837305_1047094798_n

Հայերն ու վրացիները պատրաստ չէին ընդունելու Բրեստ-Լիտովսկի պայմանագրի պայմանները՝ այսինքն՝ հրաժարվել Կարսից, Արդահանից ու Բաթումից, և նպատակահարմար գտան Տրապիզոնում առանձին բանակցություններ վարել թուրքերի հետ: Եվ ահա, երբ հայերն ու վրացիները նոր էին սկսել բանակցությունները, լուր ստացվեց, որ Բրեստ-Լիտովսկում ստորագրվել է պայմանագիրը, և բոլշևիկները զիջել են երեք նահանգները: Բացի այդ, Տրապիզոնի բանակցությունների ողջ ընթացքում թուրքերը Վեհիբ փաշայի հրամանատարությամբ հարձակվում էին դեպի Վրաստան և Հայաստան:

Թուրքերը ներկայացնում են վերջնագիր` անհապաղ ընդունել Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը, ապա բանակցություններին պաշտոնական բնույթ տալու նպատակով` պահանջում են Անդրկովկասն անկախ հայտարարել: Հովհաննես Քաջազնունին և Ալեքսանդր Խատիսյանը Անդրկովկասյան Սեյմի դաշնակցական ֆրակցիային տեղեկացնում են, որ թուրքերի պայմաններն ընդունելը կլինի չարյաց փոքրագույնը: Այս կարծիքին էր նաև վրացի մենշևիկ Ակակի Չխենկելին: Հասկանալով, որ պարտությունը ռազմաճակատում անխուսափելի է, Չխենկելին համաձայնեց Բրեստ-Լիտովսկի պայմաններին և այդ մասին հայտնեց թուրք բանակցողին: Նա փորձեց համոզել վրաց քաղաքական ուժերին, որպեսզի նրանք էլ հավանություն տան իր ինքնագլուխ քայլին` բացատրելով, որ միայն այդ դեպքում է հնարավոր փրկել Բաթումը: Սակայն Սեյմում վրացիներն ու հայերը լսել անգամ չէին ուզում:

Դաշնակցության ներկայացուցիչ Մարտիրոս Հարությունյանը վճռականորեն դեմ արտահայտվեց. «ՙՄեզ համար զենքից բացի ուրիշ փրկություն գոյություն չունի»: Սեյմը մերժեց թուրքերի վերջնագիրը և հետ կանչեց պատվիրակությանը: Նրանք Չխենկելուն կարգադրեցին վերադառնալ Թի‎ֆլիս: «Այսպիսով, հաշտության փոխարեն մենք Տրապիզոնից մեր երկրին տանում էինք պատերազմ»,- Հայաստանի Հանրապետության մասին իր գրքում գրել է Խատիսյանը:

Պատվիրակությանը Տրապիզոնից հետ կանչելուց մի քանի ժամ անց, թուրքերը գրավեցին Բաթումը: Սեյմի վրացի անդամներն այլ ընտրություն չունեցան, քան կատարել օսմանյան պահանջներից ևս մեկը` Անդրկովկասը հայտարարել Ռուսաստանից անկախ:

Կարինից հետո արդեն ընկել էր Սարիղամիշը, երբ ՀՅԴ նախաձեռնությամբ, ապրիլի 20-21-ին Ալեքսանդրապոլում տեղի ունեցավ խորհրդաժողով, որին մասնակցում էին հայ քաղաքական, կուսակցական, ռազմական ղեկավարները` գեներալներ Թովմաս Նազարբեկյանը, Մովսես Սիլիկյանը և Անդրանիկը, դաշնակցական առաջնորդներ Ռուբենը, Նիկոլ Աղբալյանը, Ավետիս Ահարոնյանը, Դրոն, Սիմոն Վրացյանը, Վահան Փափազյանը, Հովհաննես Քաջազնունին, Ալեքսանդր Խատիսյանը, ժողովրդական Միքայել Պապաջանյանը, անգամ բոլշևիկ Պողոս Մակինցյանը: Ի՞նչ անել: Ո՞րն է ընտրությունը: Կա՞ ընտրության տարբերակ:

Մեկ օր անց արդեն Թիֆլիսում հայերն ու վրացիներն էին կանգնել անելանելի ընտրության առաջ: Քաջազնունին ներկայացնում է վիճակը և փորձում համոզել, որ ստեղծված պայմաններում չարյաց փոքրագույնն է Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմաններն ընդունելը, այլապես կքայքայվի Անդրկովկասյան խախուտ դաշնությունը, և հայ ժողովուրդը կհայտնվի թուրքերի դեմ մեն-մենակ: Սակայն ընդհանուր կարծիքն այն էր, որ պետք է մերժել թուրքերի պայմանները և շարունակել պատերազմը:

1918թ. ապրիլի 22-ին վրաց մենշևիկները, Սեյմի մահմեդական խմբակցությունների աջակցությամբ, առաջարկեցին հիմնադրել անկախ Անդրկովկասյան Ժողովրդական Դաշնակցային Հանրապետություն: Մեկ անգամ ևս հայերը կանգնեցին մղձավանջային ընտրություն կատարելու անհրաժեշտության առջև:

Մեռելատան էր նմանվում այդ օրը Սեյմի դահլիճը, իր հուշերում գրում է Վրացյանը: Միայն հայերը չէին սգավոր: Վրացիներն էլ լավ չէին զգում իրենց: Տոնական տրամադրություն ունեին թաթարները: Մուսավաթական խմբակցությունը իրեն զգում էր նոր փեսայի դերում: Իրական սգի մեջ էին հայերը: Սիրտ չկար խոսելու: Ի՞նչ խոսել. բոլոր խոսքերն արդեն ասված էին:

Նրանց ապրումներն արտահայտեց Քաջազնունին: Հուզված, մազերը ցրիվ, բարձրացավ ամբիոն. «Պարոնայք, Սեյմի անդամներ: Դաշնակցություն խմբակցությունը, շատ պարզ գիտակցելով այն մեծ պատասխանատվությունը, որ առնում է իր վրա այս պատմական վայրկյանին, միանում է ինքնուրույն Անդրկովկասյան պետության հայտարարությանը»:

Ակակի Չխենկելին պետք է ձևավորեր Անդրկովկասյան անկախ նոր կառավարությունը, սակայն դեռ վարչապետի պաշտոնում չհաստատված և առանց Սեյմի կամ իր կառավարությանը մաս կազմելուն հավանություն տված հայ գործիչների, ապրիլի 23-ի առավոտյան հեռագրեց Վեհիբ փաշային, որում ընդունելի էր համարում Բրեստ-Լիտովսկի պայմանագրի բոլոր կետերը որպես բանակցությունների հիմք, ինչպես նաև Հայկական կորպուսի հրամանատար Նազարբեկյանին կարգադրեց հանձնել Կարսը: Չխենկելին Վեհիբ փաշային առաջարկեց նաև բանակցությունները Տրապիզոնի փոխարեն անցկացնել Բաթումում, քանի որ իր համար, որպես պետության ղեկավարի, ցանկալի է Թիֆլիսին հնարավորին մոտ գտնվելը:

Երբ Չխենկելին Վեհիբ փաշային ուղարկած հեռագրում ընդունելի էր համարում Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը, այսինքն՝ Կարսից, Արդահանից ու Բաթումից հրաժարումը, հայկական ուժերը կանգնած էին Կարս քաղաքից մի քանի տասնյակ կիլոմետր դեպի արևմուտք: Կարսի բերդի պաշտպանության համար մոտ վեց հազար հայազգի զինվոր կար, բացի այդ` բերդի  հրամանատար Դեևի տրամադրության տակ կար մոտ հազար միավոր հրանոթ և տարբեր տեսակի զենքեր:

Վրացիները, առաջին հերթին Չխենկելին, համոզված էր, որ պետք է գնալ ամենամեծ զիջումների, որպեսզի հնարավոր լինի շուտափույթ խաղաղությունը: Անգամ պատերազմը շարունակելու կողմնակից վրաց մենշևիկները հուսալքվեցին, երբ ապրիլի 14-ի երեկոյան թուրքերը գրեթե առանց դիմադրության մտան Բաթում և գերեցին երեք հազար զինվորների և վեց հարյուր սպաների:

Թուրքական ուժերի գործողությունները ռազմական զբոսանքի էին նմանվում նաև Կարսի ճակատում: Հազարավոր հայեր խուճապահար փախչում էին դեպի Երևանի նահանգ: Ապրիլի 25-ին օսմանյան երրորդ բանակը առանց կռվի մտավ հայկական բերդաքաղաքը: Սակայն հակառակ պայմանավորվածության, թուրքական զորքերը կանգ չառան, իսկ հայկական ուժերը կռվով նահանջեցին մինչև Ալեքսանդրապոլ: Ապրիլի 28-ին հայկական բանակը անցավ Ախուրյանի ձախ ափը:

Ապրիլի 26-ին Սեյմը հաստատել էր կառավարության կազմը` Ակակի Չխենկելու գլխավորությամբ: Հենց նա էլ Բաթումում շարունակեց Տրապիզոնում ընդհատված բանակցությունները թուրքերի հետ: Նրա կառավարությունն արդեն պատրաստ էր ընդունել Բրեստ-Լիտովսկի պայմանագրի բոլոր կետերը:

Մայիսի 11-ին, խորհրդաժողովի բացման օրը, թուրք պատվիրակ Խալիլ բեյն ասաց, որ դա արդեն իրենց չի բավարարում, քանի որ Տրապիզոնի խորհրդաժողովից հետո արյուն է թափվել: Այսպես,  թուրքերը պահանջում էին նաև հայահոծ Ախալցխայի և Ախալքալաքի գավառները, Երևանի նահանգի արևմտյան մասը, ներառյալ Արաքս գետի հովիտը և երկաթուղին:

Բաթումի բանակցությունների ընթացքում թաթարները՝ այսօրվա ադրբեջանցիները, համագործակցում էին թուրքերի հետ: Բացի այդ, Բաթում էին գալիս մահմեդական պատվիրակներ Բաքվից, Ելիզավետպոլից, Ախալքալաքից, Ախալցխայից ու Կովկասի այլ վայրերից: Նրանք թուրքերին հորդորում և խնդրում էին իրենց փրկել կործանումից ու բնաջնջումից: Հայաշատ Ախալցխայից և Ախալքալքից եկած մահմեդական պատվիրակները հույս ունեին, որ այդ շրջաններև ևս կկցվեն Օսմանյան կայսրությանը:

Հենց Բաթումի բանակցությունների օրերին թուրքական զորքերը ներխուժեցին Երևանի նահանգ` մայիսի 15-ին գրավելով Ալեքսանդրապոլը: Ինչպես Կարսը, այնպես էլ Ալեքսանդրապոլը, հանձնվեց գրեթե առանց դիմադրության: Կորպուսի հրամանատար Թովմաս Նազարբեկյանը հայկական ուժերը Ալեքսանդրապոլից տեղափոխեց դեպի Ղարաքիլիսա:

Ալեքսանդրապոլի անկումից հետո հայկական զորքերի մի մասը կռիվներով նահանջել էր Երևանի ուղղությամբ և մայիսի 19-ին հասել Սարդարապատ: 1917-ի դեկտեմբերին Երևանի ազգային խորհուրդը Արամին ընտրել էր Երևանի նահանգի ղեկավար: 1918 թ. վաղ գարնանը Երևանի ազգաբնակչությունն ու զինվորականությունը Արամին հայտարարեցին դիկտատոր և ամբողջ իշխանությունը կենտրոնացրին նրա ձեռքում: Ժամանակակիցները գրում են, որ  նրբանկատ Արամը կարողացավ շաղկապել շրջանի բոլոր գործուն տարրերը, աշխատանքի լծել ամենքին:

Արամի կազմակերպչական տաղանդի, Դրոյի անվեհերության, Գևորգ Հինգերորդ Սուրենյանց Ամենայն Հայոց հայրապետի և զորավար Մովսես Սիլիկյանի կոչերի, բայց առաջին հերթին՝ Արարատյան դաշտավայրի գյուղացիության զոհողության շնորհիվ, հնարավոր եղավ թուրքական գրոհը կանգնեցնել Սարդարապատում, ապա Բաշ-Ապարանում: Թուրքերը ոչ միայն չկարողացան Սարդարապատից առաջ շարժվել, այլ տալով երեք հազարից ավելի զոհ, նահանջեց դեպի Ալեքսանդրապոլ:

Հայկական զորքերը, ի տարբերություն Կարսի ու Ալեքսանդրապոլի, անձնազոհ կռիվ տվեցին Ղարաքիլիսայում: Արյունահեղ կռիվներում ընկան շատ թուրքեր և հայեր: Նրանց մեջ էր նաև Հայաստանի Հանրապետության ապագա վարչապետներից մեկի` Համո Օհանջանյանի անդրանիկ որդին:

Մայիսի կեսերին թուրքերը գրավել էին Ալեքսանդրապոլը և զորքերի մի մասը ուղղել դեպի Ղարաքիլիսա: Այս ճակատում կռվում էին երկու նշանավոր զորահրամանատարներ` Անդրանիկն ու Նժդեհը: Ղարաքիլիսային ճակատամարտում հայերը պարտությունն են կրել` տալով հազարավոր զոհեր, վիրավորներ ու գերիներ: Վարանցովկան, Ջալալօղլին, Ղարաքիլիսան ու շրջական բնակավայրերը գրավելուց հետո թուրքական զորքերը անցան Ղազախ: Այսպիսով, երեք ճակատներից` Ղարաքիլիսա, Սարդարապատ և Բաշ-Ապարան, միակը Ղարաքիլիսան էր, որտեղ հայերը պարտություն կրեցին:

Նախապես որոշվել էր թուրքերի առաջն առնել Երևանի մոտակայքում` հավանական է Աշտարակի մոտ, սակայն վերջին պահին Արամ Մանուկյանը որոշում է կռիվ տալ Բաշ Ապարանի մերձակայքում: Մայիսի 23-ին Դրոյին հաջողվեց կանգնեցնել թուրքերի առաջխաղացումը: Երկկողմ կորուստներով կռիվները շարունակվեցին մի քանի օր ևս: Շուրջ հազար զոհեր տալուց հետո հակառակորդը դիմեց փախուստի:

Սարդարապատում ու Բաշ-Ապարանում հաղթանակներով ոգևորված` հայերն առաջ էին շարժվում դեպի Ալեքսանդրապոլ: Գեներալ Սիլիկյանը մտադիր էր թուրքական զորքերին հետապնդել մինչև Ալեքսանդրապոլ և հավատում էր, որ հայկական ուժերը կկարողանան երկու օրում հետ վերցնել քաղաքը:

Մայիսի 29-ին Սիլիկյանը նոր կոչն է ուղղում հայերին.  «Մենք պետք է թուրքերից հետ վերցնենք Ալեքսանդրապոլը: Նրանք պահանջում են Ախալքալաքի, Ալեքսանդրապոլի ու Էջմիածնի գավառները Մայր տաճարի հետ միասին, Երևանի նահանգի մեծ մասն ու Նախիջևանը: Կարո՞ղ ենք թույլ տալ նման վիրավորանք: Երբե’ք, հա’յ ժողովուրդ, դու չպիտի թույլ տաս այդպիսի անարգանք: Եվ այդ անարգանքը տեղի չի ունենա, եթե մենք հասնենք մինչև Ալեքսանդրապոլ: Դեպի’ զենք բոլորդ, դեպի’ Ալեքսանդրապոլ»:

Սակայն երբ հայկական զորքերը մոտենում էին Ալեքսանդրապոլին, Նազարբեկյանը Հայկական կորպուսին կանգ առնելու հրաման տվեց, քանի որ Ազգային խորհուրդը տեղեկացրել էր, որ Բաթումում զինադադարի համաձայնություն է կայացվել, իսկ հաշտության բանակցությունները շարունակվում են: Եթե նման լուր ստացվեր մի քանի օր առաջ, ապա կընդունվեր արտակարգ թեթևությամբ, սակայն այժմ այն տեղիք տվեց և’ զինվորների, և’ գյուղացիների հասկանալի զայրույթին: Զինվորական և քաղաքական ղեկավարների որոշումը թելադրված էր այն գիտակցությամբ, որ զինապահեստները համարյա դատարկ են, թուրքական թարմ համալրումները` մոտ: Եթե ճակատամարտի ընթացքը մեկ անգամ ևս շրջվեր հօգուտ թուրքերի, հայկական աղետը կլիներ կատարյալ, գրում է ամերիկահայ պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը:

Թուրքական զորքերի հարձակման պայմաններում հայերի, վրացիների և մահմեդականների Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետությունը, մեկ ամսվա ձևական գոյությունից հետո կազմալուծվեց:

Մայիսի 26-ին Վրաստանը հռչակեց իր անկախությունը: Մեկ օր անց՝ մայիսի 27-ին Թիֆլիսում Մուսուլմանական ազգային խորհուրդը «Արևելյան և Հարավային Անդրկովկասը» հռչակեց անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական: Մայիսի 28-ին, կրկին Թիֆլիսում, հայ մեծահարուստ նավթարդյունաբերող Միքայել Արամյանցի տանը Հայոց ազգային խորհուրդը հռչակեց Հայաստանի Հանրապետությունը:

Անդրկովկասյան երեք հանրապետությունները իրենց անկախությունը հռչակելուց անմիջապես հետո շարունակեցին Բաթումում թուրքերի հետ ընդհատված բանակցությունները: Հայ  պատվիրակներին թվում էր, թե այս անգամ ավելի հեշտ կլինի թուրքերի հետ բանակցելը: Ընդամենը շաբաթներ առաջ թուրքերն առաջարկում էին բավարարվել Բրեստ-Լիտովսկի պայմանագրով, մինչդեռ հայերն ու վրացիները լսել անգամ չէին  ուզում:

Մայիսի 30-ին սկսված բանակցությունները ավարտվեցին հունիսի 4-ին. Հայաստանի նորանկախ հանրապետությունը կնքեց առաջին միջազգային պայմանագիրը՝ Հաշտության և բարեկամության դաշնագիրը Օսմանյան կայսրության հետ:

Հայերից հետո թուրքերի հետ առանձին պայմանագրեր կնքեցին Վրաստանը, ապա Ադրբեջանը: Հայկական պատվիրակությունը Բաթումում միայնակ էր մնացել, ավելին` թաթարները պաշտպանում էին թուրքերին: «Երբ մենք թուրքերից պահանջում էինք մեզ թողնել Ալեքսանդրապոլի գավառի հայկական մասերը, թաթարները պնդում էին, թե Հայաստանի մայրաքաղաքը պետք է լինի Վաղարշապատը` պահանջելով Երևանը կցել Ադրբեջանին: Թաթարները պնդում էին, թե Երևանը թաթարական քաղաք է, ուստի մահմեդականները չեն ների, եթե Երևանը զիջեն հայերին»,- դառնութայմբ գրում է Խատիսյանը:

Ապա եկավ  Անդրկովկասի երկաթուղին բաժանելու հարցը: Ինչպես հողային, այնպես էլ երկաթգծի հարցում ամենից շատ կորցրեց Հայաստանը: Փաստացի, Հայաստանը ունեցավ ընդամենը 7 կիլոմետր երկարությամբ երկաթուղի՝ Նորագավիթից մինչև Երևան: Թուրքիայի վերահսկողության տակ անցավ Սարիղամիշ-Ջուլֆա երկաթուղին, Վրաստանի վերահսկողության տակ  անցավ  Թիֆլիսից Բաքու, Բաթում և Ղարաքիլիսա հատվածները, Ադրբեջանին՝ Բաքու-Թիֆլիս և Բաքու-Պետրովսկ հատվածների մեծ մասը: Հայաստանին գրեթե ոչինչ չմնաց: Ջաջուռից Ղարաքիլիսա  50 կիլոմետրանոց հատվածը հայերի վերահսկողության տակ պիտի անցներ, բայց դեռևս գտնվում էր թուրքական գրավման տակ:

Ծանր ու խռովահույզ օրերն էին: Թի‎ֆ‎լիսի Ազգային խորհուրդ Հայաստանը հռչակել էր անկախ, և Արարատյան փոքրիկ Հայաստանը, Արամի հզոր ու արթուն հսկողության տակ ապրում էր անստույգ ճակատագրի մռայլ օրերը, գրում է ժամանակի դաշնակցական գործիչներից Վահան Նավասարդյանը: Մի բացառիկ երկիր էր` օղակաձև շղթայով շրջապատված իր չորս կողմերից, զուրկ արտաքին աշխարհի հետ կապվելու, նրան լուր տալու և այնտեղից լուր առնելու գրեթե բոլոր հնարավորություններից: Մի երկիր, որի արտաքին գործերի վարիչը կրում էր այդ կոչումը միամիայն նրա համար, որովհետև դժվար է երևակայել մի կառավարություն, ուր այդ կոչումը չկա: Օղակված ու շղթայված թուրք զորքերով ու թաթար ազգաբնակչությամբ, Հայաստանն ապրում էր ինքն իր համար, ապրում էր իր խոհերի ու տառապանքների հետ` մատնված գալիքի օրհասի ահավոր սարսափներին:

Սիմոն Վրացյանի բառերով`«անձև քաոսի ու ավերակների կույտ» էր Հայաստանն այդ օրերին: «Ցնծության աղաղակներով ու ծափերով չընդունվեց հանրապետության ծնունդը: Հակառակը, շատերի համար նա նկատվում էր անժամանակ ծնունդ: Ոմանք չէին հավատում նրան. անկախություն և հանրապետություն բառերը դնում էին չակերտի մեջ: Եվ այդպես վարվելու հիմքերը շատ էին զորավոր. իրոք որ զարհուրելի էին պայմանները, և անկախությունն այդ պայմաններում թվում էր հեգնանք: Հայերի ձեռքը մնացել էր մի փոքրիկ հողաշերտ` հազիվ 12 հազար քառ. կմ. աղքատ ու կիսակործան մի երկիր` կծկված ցամաք լեռների մեջ, աշխարհի խուլ անկյունում, ծանրաբեռնված գաղթականներով ու որբերով, շրջապատված ատամ կռճտացնող թշնամիներով, անհաց, անդեղ, անօգնական: Սով ու համաճարակ, ավար ու ավեր, լաց ու թշվառություն, կոտորած ու սարսափ:

Թիֆլիսում ձևավորված Հայաստանի առաջին կառավարությունը հուլիսի 17-ին մեկնեց Երևան: Սանահին կայարանից սկսած երկաթուղին թուրքերի ձեռքում էր, Ալեքսանդրապոլով անցնելը` վտանգավոր: Այդ պատճառով` որոշվեց Թիֆլիսից անցնել Աղստաֆա, ապա Դիլիջանով հասնել նորաստեղծ հանրապետության փոշոտ ու աղքատ մայրաքաղաք: Հուլիսի 19-ին պատվիրակությունը հասավ Երևան:

Երևանի պարետ Արշավիր Շահխաթունին գրում է. «Ժամը երեքին Աստաֆյան պողոտայի սկզբից մինչև Սուրբ Սարգիս կանգնած էին վաշտեր: Արամ Մանուկյանը հասավ ինքնաշարժով և հաղորդեց, թե կառավարությունը գալիս է: Մի քանի րոպեից  գլխավոր պողոտայի անկյունից երևաց կառավարական խումբը ինքնաշարժերով: Ես հրամայեցի. «Հանդիսավոր տողանցք. պատրա’ստ. հանդա’րտ. պատվի ա’ռ»: Եվ մերկացնելով իմ սուրն ու ինձ հետ ունենալով հեզելազորից հիսուն հոգի` մոտեցա կառավարության կազմին: Ես խոնարհեցի իմ սուրը Հայաստանի նախարարապետի առջև, մինչդեռ իմ ձին բարձրացած էր երկու ոտքի վրա: Ես ասացի. «Ձերդ գերազանցություն, որպես Հայաստանի մայրաքաղաքի զինվորական հրամանատար, ողջունում եմ Ձեր գալուստը: Ես անսահման երջանիկ եմ, որ դարերից հետո առաջին սպան եմ, որ խոնարհեցնում է իր սուրը իր կառավարության առջև: Այս վայրկյանիս ես հպարտությամբ դնում եմ սուրս իր պատյանի մեջ և դուրս կհանեմ այն ժամանակ, երբ Դուք հրամայեք պաշտպանել մեր աննման հայրենիքը»:

Քաջազնունին շատ հուզված պատասխանեց պարետ Արշավիր Շահխաթունուն, և մի կերպ էր զսպում արցունքները: Այսպես եղավ Հայաստանի կառավարության մուտքը Երևան: Այսպես ծնվեց Հայաստանի Հանրապետությունը: