Միայն ներողություն. Մոսկվան չընդունեց աշխատանքային խումբ ստեղծելու Անկարայի առաջարկը

erdogan putin apologizeԹուրքիան և Ռուսաստանը չեն կարող միմյանց զոհաբերել. այսօր հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ, կառավարության խոսնակ Նուման Քուրթուլմուշը՝ մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մայիսի 27-ի այն հայտարարությունը, որ Մոսկվան Անկարայից կոնկրետ քայլեր է ակնկալում հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ:

«Ո՛չ Թուրքիան, ո՛չ Ռուսաստանը չեն կարող միմյանց զոհաբերել: Երկուսն էլ չեն կարող դա անել»,- այսօր Թուրքիայի կառավարության նիստից հետո ասել է Քուրթուլմուշը:

Անդրադառնալով անցյալ նոյեմբերին Սիրիայի երկնքում թուրքական օդային ուժերի կողմից խոցված ռուսասկան ինքնաթիռին՝ Թուրքիայի փոխվարչապետը կրկնել է երկրի ղեկավարության կողմից բազմիցս հնչեցրած այն միտքը, որ խոցելու պահին ինքնաթիռի «պատկանելությունն անհայտ էր»:

«Թուրքիան միտումնավոր չի խոցել ինքնաթիռը,- Hurriyet Daily News-ը մեջբերում է Թուրքիայի կառավարության խոսնակին: – Դա նախազգուշացումների արդյունք էր: Կարծում եմ՝ հարցի երկարաձգումը Ռուսաստանի շահերից չի բխում: Լավ կլիներ, որ դա պատահած չլիներ, լարվածություն չլիներ: Հուսով ենք՝ հարցը որքան հնարավոր է արագ կկարգավորվի»:

Այսօր՝ ավելի վաղ, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն լրագրողների հետ զրույցում հանդես էր եկել Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների կարգավորման նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկով:

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ ցանկանում է վերականգնել հարաբերությունները և մեզնից քայլեր է ակնկալում: Մենք նույնպես կարգավորում ենք ակնկալում: Մենք առաջարկում ենք համատեղ աշխատանքային խումբ ստեղծել, որի շրջանակում կքննարկվեն կողմերի ապագա քայլերը»,- Milliyet թերթը մեջբերում է Չավուշօղլուին:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը որպես օրինակ է բերել Իսրայելի և Թուրքիայի քայլերը երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

Արձագանքելով Չավուշօղլուի առաջարկին՝ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ «ոչ մի աշխատանքային խումբ չի կարող լուծել խնդիրը»:

«Դա կարող է անել միայն թուրքական ղեկավարությունը, որից Մոսկվան ակնկալում է այն գործողությունները, որոնց մասին Աթենքում խոսել է նախագահ Պուտինը»,- նշել է Պեսկովը:

Մայիսի 27-28-ը Աթենքում պաշտոնական այցով գտնվող Վլադիմիր Պուտինը Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ մամուլի ասուլիսին Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը ցանկանում է վերականգնել Թուրքիայի հետ հարաբերությունները և Անկարայից կոնկրետ քայլեր է ակնկալում, որոնք վերջինս դեռ չի ձեռնարկում:

Մեկնաբանելով ինքնաթիռի միջադեպը՝ Պուտինն ասել էր, որ թուրքական կողմից այդպես էլ ներողություն չհնչեց:

«Մենք ներողություն չլսեցինք, չլսեցինք վնասը հատուցելու պատրաստակամություն: Մենք լսում ենք հարաբերությունները վերականգնելու ցանկության մասին: Մենք էլ ենք դա ցանկանում: Սակայն մենք չենք քանդել հարաբերությունները: Մենք արել ենք ամեն ինչ, որպեսզի տասնամյակների ընթացքում ռուս-թուրքական հարաբերությունները հասնեն գործընկերության և բարեկամության աննախադեպ մակարդակի: Եվ ահա այդ բարեկամությունը ռուս և թուրք ժողովուրդների միջև իսկապես հասավ բարձր մակարդակի: Մեզ համար այն թանկ էր: Ինչո՞ւ դա արվեց՝ ես մինչև հիմա չեմ կարող հասկանալ»,- Աթենքում հայտարարել էր Պուտինը:

***

Նոյեմբերի 24-ին Քեսաբի երկնքում՝ Սիրիա-Թուրքիա սահմանին, թուրքական ռազմաօդային ուժերը խոցեցին Սիրիայում ռուսական ավիախմբի կազմի մեջ մտնող Սու-24 ռմբակոծիչը: Թուրքական կողմը պնդեց, որ ռուսական ռմբակոծիչը խախտել էր իր օդային տարածքը, մինչդեռ Ռուսաստանը համոզված է, որ Սու-24-ը  եղել է բացառապես Սիրիայի տարածքում: