Ատոմային էներգիայի ռուսական պետական «Ռոսատոմ» ընկերությունը պատրաստ է զբաղվել Հայկական ԱԷԿ-ից բանեցված միջուկային վառելիքի պահպանմամբ ու վերամշակմամբ: Ինչպես հաղորդում է ռուսական «Ռիա նովոստի» գործակալությունը, այսպիսի հայտարարություն է արել «Ռոսատոմի»` ռադիոակտիվ թափոնների, բանեցված միջուկային վառելիքի և շահագործումից միջուկային ու ռադիացիոն վտանգավոր օբյեկտների դուրսբերման ոլորտում պետական քաղաքականության տնօրեն Օլեգ Կրյուկովը:
«Ինչ վերաբերում է բանեցված միջուկային վառելիքի հետ վարվելու միջազգային պայմանագրերին, ապա այն պետք է վերադարձվի (արտադրող երկիր): Միանգամայն հնարավոր է վերամշակել Հայաստանից վառելիքը»,- ասել է Կրյուկովը «Ատոմէքսպո-2016» համաժողովին, որն անցկացվում է Մոսկվայում մայիսի 30-ից հունիսի 1-ը:
Նրա խոսքով` բանակցություններ իրականացվում են, սակայն դրանք «առայժմ չունեն հստակ ուրվագիծ, վառելիքն այժմ գտնվում է Հայաստանում»: