Թուրքիայի վարչապետը Մերկելի հետ քննարկել է Ցեղասպանության մասին բանաձևը

Bundestag GenocideԹուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ քննարկել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը, որը հունիսի 2-ին կքննարկվի գերմանական Բունդեսթագում:

Ինչպես հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրները, Յըլդըրըմը Գերմանիայի կառավարությանն ու խորհրդարանին «ողջմատության» կոչ է արել:

Թուրքիայի կառավարության ղեկավարն, ըստ տեղեկությունների, փոխանցել է Թուրքիայի և «Գերմանիայում ապրող թուրքերի մտահոգությունը» Գերմանիայի խորհրդարանի այսպես ասած՝ «անհիմն և անարդար» քայլի կապակցությամբ:

Մայիսի 30-ին հայտնի է դարձել, որ նույն կոչով Գերմանիայի քաղաքական ուժերին դիմել է նաև Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր` «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (CHP-ԺՀԿ): Վերջինիս նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ հինգ առանձին նամակ է հղել Գերմանիայի քաղաքական կուսակցությունների ղեկավարներին, այդ թվում՝ Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելին` կոչ անելով հանել խորհրդարանի օրակարգից Հայոց ցեղասպանության մասին բանաձևը:  

***

«Օսմանյան կայսրությունում 101 տարի առաջ հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության և հիշատակի մասին» բանաձևի նախագծի քննարկումը Բունդեսթագում նախատեսված է հունիսի 2-ին:

Մայիսի 24-ին Երևանում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպմանը Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնը հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևում «փորձ է արվել իրերը կոչել իրենց անուններով և ցույց տալ ժամանակին գործող գերմանական իշխանությունների մեղքի բաժինը Հայոց ցեղասպանության հարցում»:

Հայոց ցեղասպանության հարցը Գերմանիայի խորհրդարանում քննարկվել էր նաև 2015թ. ապրիլի 24-ին: «1915/16 թթ. հայերի տեղահանության և ջարդերի մասին» բանաձևն այդ ժամանակ, սակայն, քվեարկության չէր դրվել։ Խորհրդարանական խմբացկությունները երկու ժամ տևած բանավեճից հետո ընդհանուր հայտարարի չէին եկել բանաձևում 1915-ի իրադարձությունների նկատմամբ «ցեղասպանություն» եզրի հստակ կիրառման շուրջ:

Հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագում քննարկվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի մասին ՍիվիլՆեթի հետ զրուցել է Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։