Նոր ձերբակալություններ ՀՀ Զինված ուժերում (լրացված)

investigative-committee-e1439902044509Տարբեր քրեական գործերի շրջանակներում մայիսի 30-­ի երեկոյան ձերբակալվել են երեք զինվորականներ` գեներալ-­մայոր Մելս Չիլինգարյանը, գնդապետներ Արմեն Մարգարյանը և Մհեր Պապյանը: Այս մասին «Արմենպրես»-­ին տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:

«Ձերբակալվածները կասկածվում են տարբեր արարքներ կատարելու մեջ: Մի դեպքում՝ մատակարարված անորակ ապրանքներն ընդունելու, մեկ այլ դեպքում՝ ըստ նախնական տվյալների, ուռճացված գներով գնումներ կատարելու մեջ»,-­ ասել է Սոնա Տռուզյանը:

Գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը նախկինում զբաղեցնում էր ՀՀ զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետի պաշտոնը. մայիսի 20-ին նա ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել էր այս պաշտոնից:

Ավելի վաղ` մայիսի 11-ին, ձերբակալվել էր ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով՝ իշխանությունը չարաշահելու համար, ինչն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ:

14:00

Քննչական կոմիտեն ավելի ուշ մանրամասներ հրապարակեց վերոնշյալ ձերբակալությունների առնչությամբ:

Ըստ այդմ` ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության նախկին պետ, գնդապետ Արմեն Մարգարյանը կասկածվում են ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու, այն է՝ իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության  կամ անգործության մեջ, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

Մեկ այլ քրեական գործով ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի քիմիական, ինժեներական և հետախուզական միջոցներով ապահովման բաժնի պետ, գնդապետ Մհեր Պապյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու մեջ, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ նշանակվել են ապրանքագիտական փորձաքննություններ, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ քրեական գործերով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։