Բաքուն սպասում է Սարգսյանի և Ալիևի հանդիպմանը. Մամեդյարով

NATO-AzerbaijanՊաշտոնական Բաքուն սպասում է հունիսին Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպմանը՝ ղարաբաղյան հակամարտության ստատուս-քվոյում նշանակալի առաջխաղացման հասնելու նպատակով. Հյուսիսատլանտյան դաշինքի Խորհրդի շրջանակում Ադրբեջան-ՆԱՏՕ այսօրվա նիստին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:

Մայիսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն ակնկալում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ «լուրջ, բովանդակային» բանակցությունների շուտափույթ մեկնարկ:

***

Մայիսի 16-ին Վիեննայում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, որին մասնակցել էին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրը: ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդագրության համաձայն` համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդել են 1994թ. զինադադարի և 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

Հանդիպումից հետո համանախագահ երկրների նախարարները հայտարարություն են տարածել՝ ընդգծելով, որ ԼՂ խնդիրը չունի ռազմական լուծում: