Քաղաքակրթությունների բախո՞ւմ, թե՞ երկխոսություն. քննարկում

Screen shot 2016-05-31 at 6.19.41 PMԵվրոպայում և ընդհանրապես աշխարհում քաղաքակրթությունների բախո՞ւմ է, թե՞ երկխոսություն: Այս հարցի պատասխանն էին փորձում ստանալ «Անալիտիկոն» հանդեսի և «Հանրային օրակարգ» ՀԿ-ի կազմակերպած հերթական քննարկման մասնակիցները: Քաղաքագետ Արմեն Գրիգորյանը կարծիք հայտնեց, թե Եվրոպայում քաղաքակրթությունների բախման խնդիր չկա, այլ դրանք համակարգային խնդիրներ են:

Նրա խոսքով՝ Եվրոպայում ոչ թե միգրանտների ճգնաժամ է, այլ  համակարգային ճգնաժամեր են, և այդ ճգնաժամերի պատկերին միգրանտների խնդիրն ավելի սուր է երևում. «Նույնիսկ, երբ Թուրքիայի ծովային սահմանին մահացած երեխային նկարում են, ամբողջ պատասխանատվությունը Եվրոպայի վրա է դրվում»:

Անկախ հետազոտող Նոնա Շահնազարյանն առաջարկում է խնդիրը դիտարկել պատմության տեսանկյունից. «Միգրանտները կարծում են, որ իմպերիալիստները միշտ եկել են Եվրոպայից ու մինչև վերջ թալանել են իրենց երկրները, իրենք հիմա այս իրավիճակում չէին լինի ու հիմա իրենք իրենցն են հետ վերցնում: Մի՞թե սա բախում չէ, կոնֆլիկտ չէ»:

Իրավաբան Արթուր Գրիգորյանի կարծիքով՝  մշակութային տարբերություններն ու բախումներն ի հայտ են գալիս այն ժամանակ, երբ Եվրոպայում հայտնվում է ավելի շատ միգրանտ, քան Եվրոպայի շահն է պահանջում:

«Եվրոպան ունի իր շահից բխող պահանջարկի որոշակի քանակություն էժան աշխատուժի անհրաժեշտություն և այլն, և երբ այդ քանակն ավելանում է ու գերազանցում պահանջարկը, սկսում են մշակութային խնդիրներ առաջանալ»,- ասում է նա:

«Անալիտիկոն» հանդեսի հաջորդ համարը նվիրված է լինելու ապրիլյան չորսօրյա պատերազմին: