Անվտանգության քաղաքական բաղադրիչը

Թալիշ, զինվորները վառելափայտ են տանում: Լուսանկարը՝ Ռուբինա Մարկոսյանի: Թալիշ, զինվորները վառելափայտ են տանում: Լուսանկարը՝ Ռուբինա Մարկոսյանի:

Ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ հանրությունը թե ԼՂՀ-ում և թե ՀՀ-ում անվտանգության խնդիրը կապում է միայնումիայն ռազմական բաղադրիչի հետ։ Փորձագիտական-վերլուծաբանական շրջանակներում էլ տարածված է այն կարծիքը, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմը սկսվել է ռազմական հավասարակշռության խախտման պատճառով։ Նման պնդման համար, ինչ խոսք, լուրջ հիմքեր կան՝ Ադրբեջանը վերջին տարիներին սրընթաց մեծացրել է իր ռազմական բյուջեն, ձեռք բերել ժամանակակից մահաբեր հարձակողական զենքեր և լրջորեն նախապատրաստվել լայնածավալ ռազմական գործողությունների։ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը ոչ միայն արագընթաց տեմպերով զինել է Ադրբեջանին, այլև դանդաղեցրել հայկական բանակի վերազինման պայմանավորվածությունները, դրանով իսկ նպաստելով ռազմական հավասարակշռության էական խախտմանը և բարենպաստ պայմաններ ստեղծելով պատերազմի վերսկսման համար, ավելին՝ ինչպես հետո պարզվեց, պայման դնելով, որպեսզի Հայաստանի ձեռք բերած ռուսական զենքը չհայտնվի Արցախում։

Այս ամենը, իհարկե, կար։ Բայց արդյո՞ք միայն սա էր հրադադարի լայնածավալ խախտման պատճառը։ Արդյո՞ք ռազմական հավասարակշռության փոփոխումը որակական նոր մակարդակի էր։ Թե՞ սա մեդալի միայն մի երեսն է։

Այս մասին կարծես թե ընդունված չէ խոսել։ Սկսված կամավորական շարժման շնորհիվ հայ հանրության զգալի հատվածը զինվորական հագուստ է հագել, մեկնել առաջին գիծ՝ կռվելու կամ կռվողներին բարոյապես սատարելու նպատակով։ Օրակարգն էլ, բնականաբար, ռազմական է։ Քննարկման առարկա՝ ռազմական հարցեր։ Տերմինաբանությունը՝ նույնպես ռազմական։

Ինչ խոսք, զինվորական համազգեստով այսուայնտեղ հրապարակային երևակվելու՝ հանրության ամենատարբեր շերտերի ներկայացուցիչների գայթակղությունն ինքնին կարևոր է պատերազմի սպառնալիքի տակ ապրող հանրությանը գոտեպնդելու և ոգեորելու, զինվորի հերոսությունն ընդգծելու ու դրա մասը կազմելու, ինչպես նաև բանակի նկատմամբ հանրային վստահությունն ու աջակցությունը ցույց տալու առումով, բայց բավականին խնդրահարույց է քաղաքական հարթությունից հարցերը հեռացնելու կամ դրանք չկարևորելու, ինչպես նաև նույն այդ հարթությունում մեր պասիվությունն ու տարիների անգործությունը պարզաջրելու առումով։ Համատարած համազգեստայնացումն ի ցույց դրեց անվտանգության բաղադրիչը քաղաքականության հետ առնչելու՝ մեր հանրության անկարողությունը։

Բանակն իր գերկարևորությամբ հանդերձ չի կարող մեր անվտանգության միակ հույսն ու երաշխիքը լինել

Ապրիլյան դեպքերի առաջին իսկ օրվանից պնդել եմ, որ շփման գծում դեպքերը զարգացել են զուտ այն պատճառով, որ դրանք պիտի զարգանային այլ տեղ, բայց չեն զարգացել։ Խոսքը քաղաքական-դիվանագիտական ոլորտի մասին է՝ մեծ հաշվով, այլ ոչ միայն ղարաբաղյան կարգավորման առումով։ Իմ խորին համոզմամբ՝ ՀՀ-ի ու ԼՂՀ-ի քաղաքական ինքնիշխանության ռեսուրսների մսխումն ու քաղաքական սուբյեկտայնության կորուստն են դեպքերի զարգացումը տանում դեպի շփման գիծ, ըստ այդմ էլ բանակը դարձնելով մեր վերջին հույսն ու ապավենը և ֆետիշացնելով անվտանգության ռազմական բաղադրիչի դերը՝ ի հաշիվ քաղաքականի։ Սակայն, բանակն իր գերկարևորությամբ հանդերձ, չի կարող մեր անվտանգության միակ հույսն ու երաշխիքը լինել, ավելին՝ բանակի ամրության հույսն ու գրավականն էլ մեր համարժեք, միջազգային թրենդներին համահունչ քաղաքականությունը պիտի լինի։

Հանրությունում չկա նաև այն բանի գիտակցումը, որ պատերազմը սկսվել է միգուցե այն պատճառով, որ խախտվել է ոչ միայն և ոչ այնքան ռազմական, որքան քաղաքական բալանսը։ Ըստ իս, հենց քաղաքական հավասարակշռության խախտումն է եղել ռազմական գործողությունների վերսկսման գլխավոր պատճառը։ Ի վերջո, եթե Ադրբեջանը վստահ չլիներ, որ իր նախահարձակ գործողությունները մարսելու է, չէր գնա հերթական արկածախնդրության։ Ավելի կոնկրետ՝ եթե Ադրբեջանը վստահ չլիներ, որ Ռուսաստանը չի օգնելու և չի պաշտպանելու Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին, նման ռիսկային քայլի չէր դիմի։ Սա վկայում է, որ Ռուսաստանն առնվազն տեղյակ է եղել ամեն ինչին։ Ու ոչ միայն իր շահերն է հետապնդել, այլև իր պայմաններն է դրել Հայաստանի ու Ադրբեջանի առաջ, Հայաստանից պահանջելով իրենից ստացած զինատեսակները չտեղաբաշխել Արցախում, իսկ Ադրբեջանի առաջ էլ պայման դնելով, որպեսզի լայնածավալ ռազմական գործողությունների չդիմի Հայաստանի հետ սահմանին (որպեսզի ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի, ինչպես նաև Հայաստանի հետ Ռուսաստանի ռազմավարական դաշնակցության մասին ավելորդ հարցեր չծագեն)։

Հանրությունում չկա նաև այն բանի գիտակցումը, որ պատերազմը սկսվել է միգուցե այն պատճառով, որ խախտվել է ոչ միայն և ոչ այնքան ռազմական, որքան քաղաքական բալանսը

Հայ հանրությունը համարժեք գնահատական չի տալիս նաև Ադրբեջանի գործողություններին։ Դրանք միայն ռազմական գործողություններ չեն, այլև մի քանի տարի առաջ այդ պետության վերնախավի հռչակած ռազմական դիվանագիտության արդյունք։ Ադրբեջանը պատերազմ չի հայտարարում, այլ գործում է ռազմական դիվանագիտության և հիբրիդային պատերազմի կանոններով։ Իսկ սրանցում մեծ է նաև քաղաքական բաղադրիչը։ Այնպես որ՝ քաղաքական բաղադրիչն ամենուր է։

Իսկ ինչու՞ է Ռուսաստանն այդպես վարվում Հայաստանի հետ։ Հայաստանի վերնախավն ամեն ինչ անում է, որպեսզի քաղաքական պատասխան պահանջող այս քաղաքական հարցը դուրս մնա հանրային օրակարգից։ Որովհետև պատասխանն անմխիթար է նույն այդ վերնախավի համար։ Բայց հայկական որոշակի շրջանակներում արդեն իսկ հնչել է դրա պատասխանը։ Որովհետև Հայաստանը Ռուսաստանի վասալի անպատվաբեր, վնասակար ու վտանգավոր կարգավիճակում է։ Տարիներ շարունակ Հայաստանն իրեն այդպես է դրսևորել միջազգային ասպարեզում՝ սպասարկելով ոչ թե իր, այլ Ռուսաստանի շահերը և դրա համար համապատասխան վերաբերմունքի արժանացել Արևմուտքի կողմից։ Եվրամիության հետ ասոցացման պայմանագրից հրաժարումը, ԵԱՏՄ մտնելը, հարևան Իրանի հետ համագործակցության սահմանափակումը բխում էր ոչ թե մեր, այլ հենց Ռուսաստանի շահերից։ Ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ նման քաղաքականությունը պայմանավորելը պարզապես խաբեություն է։ Եթե անգամ եղել է անվտանգության խնդիր 2013-ի սեպտեմբերի 3-ին Հայաստանի կտրուկ դրեյֆի օրակարգում, ապա… քաղաքական իստեբլիշմենտի անվտանգության խնդիր, այլ ոչ թե երկրի։

Հայաստանը Ռուսաստանի վասալի անպատվաբեր, վնասակար ու վտանգավոր կարգավիճակում է

Այդուհանդերձ, արդարացի չէր լինի ամեն ինչ բարդել Ռուսաստանի վրա և մի ծայրահեղությունից ընկնել մյուսի մեջ։ Ես հասկանում եմ Ռուսաստանի ներկայիս էության հետ կապված մեր առկա օբեկտիվ դժվարությունները, բայց նաև չեմ կարող չասել, որ մենք ստացանք այն Ռուսաստանը, որն ուզում էինք, այն Ռուսաստանը, որին արժանի էինք, այն Ռուսաստանը, որը լիովին ածանցյալ է մեր միֆերից, վախերից ու վասալամտությունից։ Եվ սա միայն քաղաքական առաջնորդների հետ կապված խնդիր չէ, այլ ժողովրդի մի զգալի, շատ զգալի հատվածին առնչվող հոգեբանական բարդույթ։ Այնպես որ, մեր արժանապատիվ, համարձակ, խելամիտ ու հնարամիտ կեցվածքով ոչ միայն ինքներս մեզ կփրկենք, այլև Ռուսաստանին շանս կտանք իր պատիվը փրկելու հայերիս աչքում։ Բոլոր դեպքերում էլ պիտի մեզնից սկսենք։

Ապրիլյան դեպքերից մարդ, կարծում եմ, երեք գլխավոր եզրահանգում պիտի անի։ Առաջին՝ ժողովրդավարության բացակայությունն ամենամեծ սպառնալիքն է մեր ժողովրդի ու պետության, մեր զավակների ֆիզիկական անվտանգությանը։ Հանդուրժելով զոռբայությունն ու ապօրինությունները, կոռուպցիան ու երկրի հարստությունների, այդ թվում՝ անվտանգությանը հատկացված միջոցների փոշիացումը, ընտրակեղծարարություներն ու իշխանությունների վերարտադրումը, սոցիալական ճչացող անարդարությունը՝ մարդ դրանով իսկ վտանգի տակ է դնում իր զավակների կյանքը։ Բառի ոչ միայն փոխաբերական, այլև բուն իմաստով։ Երկրորդ՝ ժողովրդի կողմից չվերահսկվող իշխանությունը վերահսկվում է ուրիշների կողմից, ինքը դառնում խոցելի ու անպաշտպան և վերածվում ամենամեծ սպառնալիքը իր ժողովրդի անվտանգությանը։ Իմա՝ մեր իշխանությունների վերահսկումը մեր անվտանգության գրավականն է։ Երրորդ՝ ինքնիշխանության և քաղաքական սուբեկտության բավարար ռեսուրսը բանակից էլ ազդու գործիք է, իսկ բանակի հետ միասին՝ ուղղակի հաղթաթուղթ։

Ապրիլյան դեպքերից հետո ամենամեծ ակնկալիքն, ըստ իս, այն է, որ մարդկանց ինքնագիտակցության մեջ էական փոփոխություններ կլինեն, ինչը հնարավորություն կտա օգտագործել արմատական փոփոխություններ անելու բացառիկ շանսը։

Մարդկանց մի զգալի մասին թվում էր, թե իրենց թշվառ կյանքի ու ոտնահարված իրավունքների գնով գոնե ապահովում են իրենց ու զավակների անվտանգությունը։ Ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ հակառակը՝ լավ ապրելով ու կյանքը վայելելով, անկախության պտուղները ճաշակելով, սեփական իրավունքներից թիզ անգամ չզիջելով և դրանով իսկ սեփական իշխանությանը վերահսկելով իրականում ավելի ապահով ու անվտանգ կլինեին իրենք ու իրենց զավակները։

Հոդվածը տպվել է «Անալիտիկոն» հանդեսում

Մեկնաբանել