Շաքարավազի շուկան օրենքով մենաշնորհելու վտանգները

artzvik Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը չի բացառում, որ շաքարի շուկան կարող է պետության կողմից հայտարարվել մենաշնորհ:

Հայաստանում մենաշնորհները տնտեսության զարգացման գլխավոր խոչընդոտներից են։ Համաշխարհային բանկի ուսումնասիրության համաձայն՝ Հայաստանը ԽՍՀՄ և Արևելյան Եվրոպայի երկրների շարքում ունի ամենամոնոպոլացված տնտեսությունը։

Հայաստանի տնտեսության ամենամոնոպոլացված ոլորտներից մեկն էլ շաքարավազի արտադրությունն ու ներմուծումն է։ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը չի բացառում, որ շաքարավազի ներկրման ոլորտին օրենքով մենաշնորհ տրվի։

Նախարարը պնդում է, որ Ախուրյանի շաքար արտադրող գործարանը այսօր աշխատում է իր հզորության 25-30 տոկոսի չափով, և առաջարկում է օրենքով մոնոպոլիա շնորհել ընկերությանը, որ այն իբր 90 տոկոս հզորությամբ աշխատի։ Իրականում գործարանն աշխատում է 2010-ից և պատկանելով Սամվել Ալեքսանյանին՝ փաստացի ունի ներմուծման և արտադրության մոնոպոլիա, սակայն հզորության ծավալը մեծ հաշվով չի փոխվել։

2010թ. հոկտեմբերին Ախուրյանի շաքարի գործարանի բացման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարում էր․ «Կարճ ժամանակ հետո Հայաստան, կարծում եմ, ընդհանրապես շաքար չի ներմուծվելու, որովհետև այս գործարանի շաքարի որակը բավականաչափ բարձր է լինելու և ավելի էժան է լինելու, քան արտերկրում արտադրված շաքարը»։

Ինչպես հաճախ տեղի է ունենում, Սերժ Սարգսյանի այն կանխատեսումն էլ իրականություն չի դարձել։ Ավելին, Հայաստանը շարունակել է շաքարավազ ներմուծել՝ 2014թ. կազմել է 107 հազար տոննա, իսկ 2015թ.՝ 62 հազար տոննա։

Արծվիկ Մինասյանի առաջարկի համաձայն, եթե հետագայում Ախուրյանի գործարանը ցանկանա ավելացնել հզորությունը, անհրաժեշտություն կլինի բարձրացնել շաքարավազի գինը, որովհետև 2010-ից աշխատող գործարանը գոյություն ունեցող գների պայմաններում չի կարողանում ավելացնել արտադրությունը։ Հայաստանը վերջին տարիներին տարեկան միջինը սպառում է 80-90 հազար տոննա շաքարավազ: Եթե շաքարի գինը մոտ 50 դրամով թանկանա Սամվել Ալեքսանյանի գործարանը ամբողջ հզորությամբ աշխատեցնելու համար, ապա դա քաղաքացիների վրա նստելու է 4-4,5 մլրդ դրամ հավելյալ ծախս, այսինքն՝ քաղաքացիները մոտավոր այդքան գումար են վճարելու, որպեսզի Սամվել Ալեքսանյանի Ախուրյանի գործարանն աշխատի ամբողջ հզորությամբ ու եկամուտներ ունենա։

Արծվիկ Մինասյանը քաղաքացիներին առաջարկում է հավելյալ 4-4,5 մլրդ դրամ վճարել Սամվել Ալեքսանյանի գործարանի հզորությունը ավելացնելու համար։ Մինչդեռ կարելի է շաքարավազի ներմուծման ոլորտում մրցակցություն ստեղծել, որն էլ կէժանացնի շաքարավազի գինը: Եթե շաքարավազը 50 դրամով էժանանա, ապա քաղաքացիները 4-4,5 մլրդ դրամ խնայողություն կանեն, որն էլ կարող է այլ բիզնեսների զարգացման հիմք հանդիսանալ:

Ի դեպ, Արծվիկ Մինասյանը նաև օրինակ է բերել Շվեյցարիան, որտեղ աղի արտադրության՝ պետության կողմից շնորհած մոնոպոլիա կա: Իրականում այդ մոնոպոլիան Շվեյցարիային մեծ օգուտներ չի բերել։ Իհարկե, աղ արտադրող ընկերությունն ասում է, որ դա Շվեյցարիայի ժողովրդի օգտին է, ինչը նաև կարող է ասել Սամվել Ալեքսանյանի ընկերությունը։ Իրականում մրցակցությունն այդ ոլորտում կարող էր ավելի էժան ու որակյալ դարձնել աղի արտադրությունը Շվեյցարիայում:

Ընդհանրապես, փորձը ցույց է տալիս, որ մոնոպոլիաները որպես կանոն վատ են անդրադառնում տնտեսության վրա: Հայաստանն ունի պետական մոնոպոլիայի շնորհման փորձ, որը աղետալի ազդեցություն է ունեցել ոլորտի զարգացման վրա: Օրինակ՝ «ԱրմենՏելին» պետական մոնոպոլիայի շնորհումը, որը փաստացի վերացվեց 2005թ., բայց մինչ այդ ահռելի բացասական ազդեցություն ունենացավ տնտեսության և այդ ոլորտի վրա: «ԱրմենՏելը» մատուցում էր ամենավատ ծառայությունը, և բջջային քարտ ունենալու համար մարդիկ օրերով հերթ էին կանգնում ու քարտի համար անօրինական վճարում մոտ 300 դոլար, սակայն «ՎիվաՍելի» մուտքով ամբողջ իրավիճակը փոխվեց: Այսօր «ԱրմենՏելը» (Beeline) բջջային քարտեր է նվիրում քաղաքացիներին:

Եթե Արծվիկ Մինասյանը իրականում ու անկեղծ այլ հույսեր ունի շաքարավազի ներկրմանը պետական մոնոպոլիայի շնորհման հետ կապված, ապա արժե ուսումնասիրել նրա թեկնածուական ատենախոսությունը՝ հասկանալու նրա տնտեսագիտական գիտելիքի տրամաբանությունը։

Մեկնաբանել