Գերմանիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում քվեարկության դրվեց և ընդունվեց «Օսմանյան կայսրությունում 101 տարի առաջ հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության և հիշատակի մասին» բանաձևի նախագիծը: Բանաձևը համատեղ մշակել են իշխող կոալիցիայի մաս կազմող Քրսիտոնեա­դեմոկրատական միություն (CDU) և Քրիստոնեական­սոցիալական միություն (CSU), Սոցիալ­դեմոկրատական (SDP) և ընդդիմադիր Կանաչների կուսակցությունները: ՍիվիլՆեթը հետևում է քննարկմանն ու դրա շուրջ զարգացող իրադարձություններին:

19:30

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալական հեռագրեր է հղել Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկին, կանցլեր Անգելա Մերկելին և Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտին՝ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման կապակցությամբ: Սարգսյանը խորին շնորհակալություն է հայտնել նրանց և Գերմանիայի բոլոր այն քաղաքական և հասարակական ուժերին, որոնք իրենց վճռական խոսքն ասացին այս հարցում։ Նա համոզվածություն է հայտնել, որ բանաձևն իր ուրույն դերը կունենա ցեղասպանությունների ճանաչման և կանխարգելման գործում։

«Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումն իսկապես պատմական քայլ էր. պատմական՝ ոչ միայն Հայաստանի և հայ ժողովրդի, Գերմանիայի և գերմանացի ժողովրդի, այլև ողջ քաղաքակիրթ աշխարհի համար։ Այն խորհրդանշում է ժողովրդավարության, համամարդկային արժեքների գերակայությունը և ընդգծում Գերմանիայի հետևողական դերն այդ արժեքների պահպանման գործում: Այն ուղերձ է ամբողջ աշխարհին առ այն, որ մարդկության դեմ գործված նույնիսկ հարյուրամյա վաղեմության հանցագործությունները ոչ միայն չեն մոռացվում, այլև դատապարտվում են՝ ճշգրիտ բնորոշմամբ»,- ասված է Սերժ Սարգսյանի խոսքում:

18:00

Թուրքիայի ԱԳՆ է կանչվել Անկարայում Գերմանիայի գործերի հավատարմատար Ռոբերտ Դոլգերը:

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ որոշումն «ամոթալի է» Գերմանիայի խորհրդարանի հեղինակության համար:

Տարածած հայտարարության մեջ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է, թե իրենք Գերմանիայի խորհրդարանից սովորելու ոչինչ չունեն: Անկարան գերմանական կողմին մեղադրել է 1915թ. դեպքերի հարցում կողմնակալ լինելու մեջ: Թուրքիայի ԱԳՆ­-ն Գերմանիային մեղադրել է նաև հակաթուրքական և հակաիսլամական տրամադրվածություն ունենալու մեջ: Անկարայում նշել են, թե Բունդեսթագը պատմությունը մեկնաբանել է իր ձևով:

«1915թ. վիճահարույց իրադարձությունների շուրջ հաշտեցումը հնարավոր է միայն երկխոսության, կարեկցանքի և արդարամիտ տեսակետների հիման վրա: Այս ըմբռնումով էլ Թուրքիան փորձում է հարգել Օսմանյան կայսրության հայերի հիշատակը, կիսել նրանց տառապանքը, պահպանել հայկական մշակութային ժառանգությունը և գործուն քայլեր կատարել երկու հարևան պետությունների հաշտեցման ճանապարհը հարթելու համար: Այս առումով չկա որևէ բան, որ Թուրքիան պետք է սովորի Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանից:

Եթե Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանը ցանկանում է իմանալ, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել Օսմանյան կայսրության փլուզման ընթացքում, կարող է նպաստել պատմաբանների համատեղ հանձնաժողովի ստեղծմանը, որը կգործի անկախ` գիտական հենքով, և բաց կլինի յուրաքանչյուրի համար, ինչպես Թուրքիան հաստատակամորեն առաջարկել է` սկսած 2005-ից»,- ասված է հայտարարության մեջ:

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը հիշեցնում է նաև «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը առ այն, որ հայերի պատմածը չի արտացոլում բացարձակ ճշմարտությունը և կարող է քննարկվել ազատորեն»:

17:55

Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը երկրի «ներքին գործն է». այսպես է մեկնաբանել բանաձևի ընդունումը Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

17:30

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների շուտափույթ կարգավորման հույս է հայտնել. դաշինքը, նրա խոսքով, որևէ կերպ ներգրավված չէ Գերմանիայում տեղի ունեցած քվեարկության մեջ:

«Կցանկանայի հիշեցնել, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցն է, իսկ Հայաստանը՝ արժեքավոր գործընկերը: Քվեարկությունը, որը տեղի ունեցավ գերմանական խորհրդարանում, այն հարցը չէ, որի մեջ ներգրավված է ՆԱՏՕ-ն: Ես լիահույս եմ, որ մենք որքան հնարավոր է շուտ կլինենք Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ականատեսը: Կարևոր է, որ բոլորս մասնակցենք երկրների միջև հակամարտությունների կանխարգելմանն ու լարվածության թուլացմանը»,- Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսին ասել է Սթոլթենբերգը:

17:00

Թուրքիայի հետ մեր կապերը լայն են և ամուր. Մերկել

«Գերմանիային Թուրքիայի հետ կապող շատ բան կա, և եթե նույնիսկ առանձին հարցերում տարակարծիք ենք, մեր կապերի լայն շրջանակը, մեր բարեկամությունը, մեր ռազմավարական կապերը հզոր են»,- ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Ինչպես հաղորդում է Daily Mail պարբերականը, Մերկելն ասել է, որ ինքը սատարում է Թուրքիայի և Հայաստանի միջև երկխոսությանը և հանդես է գալիս Անկարայի հետ լավ հարաբերությունների օգտին:

15:55

Թուրքիան հետ է կանչել Բեռլինում իր դեսպանին

Թուրքիայի կառավարությունը այսօր Բունդեսթագի ընդունած բանաձևը որակել է «զրո և անվավեր»:

«Թուրքիան անհրաժեշտ պատասխանը կտա Գերմանիային: Այս որոշումը զրո է և անվավեր Թուրքիայի համար»,- ասել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը:

Բեռլինում Թուրքիայի դեսպան Հյուսեյն Ավնի Քարսլըօղլուն հետ է կանչվել Անկարա՝ խորհրդակցությունների:

Իսկ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօցլուն Թվիթերում գրել է. «Սեփական պատմության մութ էջերը փակել չի նշանակում վարկաբեկել մյուս երկրների պատմությունը անպատասխանատոի և անհիմն խորհրդարանական որոշումներով»:

15:30

Թուրքիայի խորհրդարանը հանդես կգա համատեղ հայտարարությամբ. Hurriyet Daily News

15:20

Թուրքիայի իշխող՝ Արդարություն և զարգացում կուսակցության խոսնակ Յասին Աքթայը հայտարարել է, որ քվեարկության արդյունքը լրջորեն կվնասի հարաբերությունները Գերմանիայի հետ:

«Որոշ պետություններ, որոնց բարեկամ ենք համարում, ունենալով ներքին քաղաքական խնդիրներ՝ փորձում են շեղել դրանցից ուշադրությունը»,- ասել է Աքթայը:

15:10

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հեռախոսազրույց է ունեցել Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնի հետ:

Ինչպես հաղորդում են ԱԺ մամուլի ծառայությունից, նա բարձր է գնահատել Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նախագծի ընդունումը: Շարմազանովը համոզմունք է հայտնել, որ Գերմանիայի խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը նոր ուղի կբացի ցեղասպանությունների միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացում:

«Համոզված եմ, որ 100 տարի առաջ տեղի ունեցած ծանրագույն հանցագործությունը ճանաչելու և դատապարտելու շնորհիվ հնարավոր է կանխել մարդկության դեմ նոր ցեղասպանությունների իրագործումը: Այս քայլով Գերմանիան վերահաստատեց իր հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և մարդու իրավունքների պաշտպանությանը»,- ասել է Շարմազանովը:

Բունդեսթագի փոխնախագահն իր հերթին նշել է, որ բանաձևում իրերը կոչվել են իրենց անուններով: Էդելգարդ Բուլմահնը կարևորել է պատմության հետ առերեսվելու և պատմության խորքից իրողությունների վերհանման և խնդիրների հաղթահարման անհրաժեշտությունը:

15:00

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է, որ ողջունում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի կողմից հայերի և այլ քրիստոնյա ժողովուրդների դեմ իրականացված ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը:

«Միջազգային հանրությունը հարյուր մեկ տարի սպասում է, որ Թուրքիան կառերեսվի իր պատմությանը»,- ասված է հայտարարության մեջ:

14:40

Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որն ունի «1915 թ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումը: Բանաձևն ընդունվեց ունենալով ընդամենը մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայն:

14:35

Գերմանացի խորհրդարանական Ալբերտ Վեյլերն իր ելույթը եզրափակում է՝ հայերեն ասելով՝ շատ շնորհակալություն և թուրքերեն՝ tesekular:

14:25

Ես չեմ վիրավորվում, երբ թուրք ազգայնականները փորձելով ինձ վիրավորել, հայ են անվանում. Օզդեմիր

14:15

Գերմանիայի թուրքերը պետք է սովորեն հնարավոր ամեն ինչ այստեղ, ոչ Թուրքիայում. Օզդեմիր

Ջեմ Օզդեմիր

14:00

«Կանաչների կուսակցության» համանախագահ, թուրքական ծագումով գերմանացի պատգամավոր Ջեմ Օզդեմիրը ելույթից առաջ ողջունել է դահլիճում ներկա ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին:

13:58

Ինչպես գրում է Deutsche Welle պարբերականը, քննարկմանը ներկա չեն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը և Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սիգմար Գաբրիելը՝ խուսափելու դժվար քվեարկությունից:

13:55

Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտը հայտարարել է խիզախության դրսևորման և անցյալի մութ էջերի հետ առերեսվելու անհրաժեշտության մասին: «Անցյալի հետ առերեսումը մեզ համար կարող է ցավոտ լինել, սակայն միևնույն ժամանակ կարող է լինել ազնիվ և ինքնաքննադատական մոտեցում սեփական անցյալի նկատմամբ: Դա կարևոր է այլ պետությունների հետ հարաբերությունների կառուցման տեսանկյունից, որի համար պետք է խիզախություն` փոխըմբռնման և հաշտեցման հասնելու համար»,- ասել է նա:

13:30

Բանաձևի քննարկումների ընթացքում Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչները ակցիա էին կազմակերպել Բունդեսթագի շենքի մոտ:

Մեկնաբանել