Թուրքիան հետ է կանչել Գերմանիայում իր դեսպանին

Թուրքիան հետ է կանչել Գերմանիայում իր դեսպանին. որոշումն ընդունվել է այսօր Բունդեսթագում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումից հետո:

Ինչպես հաղորդում է Hurriyet Daily News-ը, Բեռլինում Թուրքիայի դեսպան Հյուսեյն Ավնի Քարսլըօղլուն հետ է կանչվել Անկարա՝ խորհրդակցությունների:

Բանաձևի ընդունմանը արձագանքել են Թուրքիայի վարչապետը, իշխող կուսակցությունը, կառավարությունը, արտաքին գործերի նախարարը:

«Թուրքիան չի պատրաստվում ճանաչել գերմանական խորհրդարանի որոշումը մի թեմայի վերաբերյալ, որի շուրջ պատմաբաններն անգամ չեն կարող ընդհանուր հայտարարի գալ: Մենք հետ ենք կանչել դեսպանին՝ խորհրդակցությունների: Որոշման տեքստը տեսնելուց հետո մենք անգամ մեկ վայրկյան չենք վարանել մեր հետագա քայլերի հարցում»,- ասել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:

Թուրքիայի իշխող՝ Արդարություն և զարգացում կուսակցության խոսնակ Յասին Աքթայը հայտարարել է, որ քվեարկության արդյունքը լրջորեն կվնասի հարաբերությունները Գերմանիայի հետ:

«Որոշ պետություններ, որոնց բարեկամ ենք համարում, ունենալով ներքին քաղաքական խնդիրներ՝ փորձում են շեղել դրանցից ուշադրությունը»,- ասել է Աքթայը:

«Թուրքիան անհրաժեշտ պատասխանը կտա Գերմանիային: Այս որոշումը զրո է և անվավեր Թուրքիայի համար»,- ասել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը:

Իսկ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօցլուն Թվիթերում գրել է. «Սեփական պատմության մութ էջերը փակել չի նշանակում վարկաբեկել մյուս երկրների պատմությունը անպատասխանատու և անհիմն խորհրդարանական որոշումներով»:

***

Հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում քվեարկության դրվեց և մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայներով ընդունվեց «Օսմանյան կայսրությունում 101 տարի առաջ հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության և հիշատակի մասին» բանաձևի նախագիծը: Բանաձևը համատեղ մշակել են իշխող կոալիցիայի մաս կազմող Քրսիտոնեա­դեմոկրատական միություն (CDU) և Քրիստոնեական­սոցիալական միություն (CSU), Սոցիալ­դեմոկրատական (SDP) և ընդդիմադիր Կանաչների կուսակցությունները: ՍիվիլՆեթը հետևում է քննարկմանն ու դրա շուրջ զարգացող իրադարձություններին:

Մեկնաբանել