Հայաստանը դատապարտում է Հալեպի հայաբնակ շրջանների հրթիռակոծումը

13319892_867327033369324_770296479696495169_n Հունիսի 4-ին հրթիռակոծվել էր Նոր Գյուղ թաղամասի բանջարեղենի շուկան: Լուսանկարը` «Գանձասար»-ի ֆեյսբուքյան էջից:

Հայաստանը խստորեն դատապարտում է զինված խմբավորումների կողմից Հալեպի հայաբնակ թաղամասերի շարունակական ռմբակոծությունները, որոնք մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ են դառնում. այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Վերջին օրերին գրանցված հարձակումների հետևանքով զոհվել են չորս հայեր, լրջորեն վնասվել են հայկական ծերանոցը, հայ կաթողիկե համայնքի Սբ Երրորդություն` «Զվարթնոց» եկեղեցին, գիտակրթական, պատմամշակութային և քաղաքացիական նշանակության մի շարք այլ շինություններ:

Սիրիական ճգնաժամի կարգավորման գործընթացում առաջընթաց գրանցելու հիմնական նախապայմանը ռազմական գործողությունների և բռնության անհապաղ դադարեցումն է»,- ասված է ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:

***

Հունիսի 2-ի երեկոյան զինյալ խմբավորումները ավելի քան 30 հրթիռ էին արձակել Հալեպի հայաբնակ Նոր Գյուղ թաղամասի վրա: «Զվարթնոց» եկեղեցու թաղամասում ընկած հրթիռի հետևանքով հրդեհվել էր հայ մի արհեստավորի խանութ: Զոհվել էին չորս հայեր:

Ինչպես հաղորդում է Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը, հանգստյան օրերին հրթիռակոծությունները շարունակվել են: Դրանց հետևանքով վիրավորվել են նաև չորս հայեր: Արձանագրվել են նյութական մեծ վնասներ, քանդվել են բնակարաններ: Լուրջ վնասներ է կրել հայ կաթողիկե համայնքի Սբ Երրորդություն («Զուարթնոց») եկեղեցին:

Մեկնաբանել