Հասան Ռոհանին ընդունել է Էդվարդ Նալբանդյանին

Nalbandyan RouhaniՀունիսի 5-ին պաշտոնական այցով Թեհրան ժամանած Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը, Հասան Ռոհանին գոհունակությամբ նշել է, որ Հայաստանն ու Իրանը ունեն ամուր և կայուն բարեկամական հարաբերություններ և կարևորել դրանց առավել ամրապնդումն ու խորացումը։

Նա հավելել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռք բերումից և պատժամիջոցների վերացումից հետո լավ հնարավորություն է ստեղծվել` բոլոր ոլորտներում զարգացնելու երկկողմ առևտրատնտեսական կապերը, և հարկավոր է գործնական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։

Անդրադարձ է եղել նաև երկու երկրների ղեկավարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների և համատեղ տնտեսական ծրագրերի իրականացման ընթացքին, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Հասան Ռոհանին նշել է, որ, թեև երկկողմ համագործակցության տարբեր ոլորտներում գրանցվել է առաջընթաց, փոխգործակցության մեծ ներուժ է առկա, որը պետք է համատեղ ուժերով կյանքի կոչել։

Զրուցակիցները համակարծիք էին, որ երկու երկրների միջև մուտքի արտոնագրային ռեժիմի վերացումը լրացուցիչ խթան կհանդիսանա բարեկամ ժողովուրդների, հատկապես գործարար շրջանակների միջև կապերի ակտիվացմանը և զբոսաշրջության զարգացմանը։

Նալբանդյանն անդրադարձել է կյանքի կոչված և իրականացվող համատեղ տնտեսական ծրագրերին և շեշտել Հայաստանի պատրաստակամությունը` նոր առավել հավակնոտ նախագծեր մշակել և իրագործել, ինչպես ի շահ երկու հարևան երկրների տնտեսական զարգացման, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության։

Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքների հաղթահարմանն ուղղված քայլերը, մայիսին Վիեննայում կայացած գագաթաժողովին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված ջանքերը:

Այս համատեքստում Նախագահ Ռոհանին ընդգծել է, որ Իրանը մշտապես սատարել է տարածաշրջանում անվտանգության, կայունության և խաղաղության ապահովումը` առկա խնդիրների խաղաղ կարգավորման ուղղությամբ, և վերահաստատել, որ իր երկիրը սատարում է միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծումը։

Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել Իրանի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը տեղեկացրել է, որ մտադիր է մոտ ժամանակներս այցելել Հայաստան:

Մեկնաբանել