Արմեն Գևորգյանը Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Գևորգյանը հունիսի 6-ին նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից:

Նորանշանակ քարտուղարին ներկայացնելով ԱԱԽ ղեկավար կազմին` Սերժ Սարգսյանն ասել է. «Արմեն Գևորգյանն ունի բավականաչափ փորձ, որպեսզի կարողանա հավուր պատշաճի կատարել ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի դժվարին պարտականությունները: Կայացած գործիչ է: Նրան ես ճանաչում եմ համատեղ աշխատանքից՝ գրեթե 20 տարի և այս 20 տարիների ընթացքում չեմ հիշում մի դեպք, երբ նա դժվարանար իր պարտականությունները կատարել: Այդ ընթացքում նա առնչվել է նաև Ազգային անվտանգության խորհրդի գործունեությանը, զբաղվել է հարցերով, որոնք հենց խորհրդի անմիջական պատասխանատվության ոլորտում են: Վստահ եմ, որ կարճ ժամանակում ձեր օժանդակությամբ նա կարողանալու է մեր հանրությանը և մեր պետությանը մեկ անգամ ևս ցույց տալ, որ Ազգային անվտանգության խորհուրդը կարևոր օղակ է մեր պետական կառավարման համակարգում»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը երկար ժամանակ է` թափուր էր: Նախկինում խորհուրդը ղեկավարում էր «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, որը զբաղեցրած պաշտոնից հրաժարական էր տվել 2014թ. ապրիլի 25-ին:

Արմեն Անդրանիկի Գևորգյանը ծնվել է 1973թ. հուլիսի 8-ին Երևան քաղաքում:

Նա աշխատել է ՀՀ պետական կառավարման համակարգում 1997-ից մինչև 2014թ. հոկտեմբեր՝ զբաղեցնելով ՀՀ վարչապետի օգնականի, ՀՀ նախագահի օգնականի, նախագահի առաջին օգնականի, նախագահի աշխատակազմի ղեկավարի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի (2007թ. հունիսից մինչև 2008թ. ապրիլ), տարածքային կառավարման նախարարի և ՀՀ փոխվարչապետի պաշտոնները: Տարածքային կառավարման նախարարի պաշտոնից Արմեն Գևորգյանը հրաժարական էր ներկայացրել հոկտեմբերի 16-ին` կառավարության նիստի ժամանակ:

2014թ. հոկտեմբերից մինչև 2015թ. հուլիս գլխավորել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամը:

2015թ. օգոստոս-նոյեմբեր ամիսներին մասնակցել է Հարվարդի համալսարանի (Բոստոն, ԱՄՆ) Հարվարդի բիզնես դպրոցի ընդհանուր կառավարման գծով կրթական ծրագրին:

Մանկավարժական գիտությունների թեկնածու է։

Ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր։

Մեկնաբանել